- Գլխավոր
- Նորություններ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 11, 2021 | 13:50
Հասարակություն
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Միջազգային համագործակցության վարչության հետ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպել էր կոնֆերանս-քննարկում «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» խորագրով:
Քննարկմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիս ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
«ԵՊՀ մասնագետների անմիջական մասնակցությամբ նմանաբնույթ նախագծերի ներդրումը մեր տնտեսության մեջ մեծ նշանակություն ու կարևորություն ունեն հատկապես զարգացող ճյուղերի համար: Մենք ունենք բոլոր ռեսուրսները, մտավոր և մասնագիտական կարողությունները Հայաստանը միջազգային նոր հարթակներ հանելու համար»,- ելույթի խոսքում նշեց Մարատ Գրիգորյանը:
Այնուհետև Ալեքսանդր Մարգարովը մանրամասն ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, արդեն իսկ արված քայլերը և ակնկալվող արդյունքները՝ հույս հայտնելով, որ ոչ մի խոչընդոտ այլևս չի խանգարի ծրագրի լիարժեք ու ամբողջական իրականացմանը:
«Նախատեսում ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոշոր միջազգային գիտաժողով անցկացնել Երևանում, որի ընթացքում մասնագետներն առերես կշփվեն, կքննարկեն առկա խնդիրները և հնարավոր լուծումները, ինչը, անկասկած, ավելի արդյունավետ կլինի»,- նշեց Միջազգային համագործակցության վարչության պետը և հավելեց, որ մշակույթի և ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության (ՄԺՀՓԶ) վերջին տարիներին արագ տեմպերով սկսել է զարգանալ։ Նման զարգացումը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, մասնավորապես՝ ՀՀ-ի նկատմամբ միջազգային զբոսաշրջային հետաքրքրությունների ավելացմամբ, այս ոլորտում միջազգային կազմակերպությունների ներդրումներով, զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղ հռչակելով, ՀՀ հարուստ նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության արժեքներով:
Սեյրան Սուվարյանն էլ իր խոսքում նշեց, որ ՄԺՀՓԶ-ն ՀՀ համար կարելի է համարել զբոսաշրջության նորարարական մոտեցումներով զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը։ Դրա կայուն զարգացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել զբոսաշրջության տարածքային համաչափ զարգացումը։
«Ընդհանուր առմամբ, ՄԺՀՓԶ-ն ՀՀ համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ դրա՝ կայուն զբոսաշրջության սկզբունքների հիման վրա զարգացումն ապահովելու դեպքում, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարող է, միաժամանակ պահպանվելով, դառնալ զբոսաշրջային ռեսուրս և հայկական մշակույթի գլոբալացման նախադրյալ։
Վերջինիս արդյունքում ՀՀ-ն կարող է «արտահանել» իր մշակույթը՝ այն տարածականորեն չկտրելով իր իսկ գտնվելու վայրից, ինչպես նաև ապահովել զբոսաշրջության տարածական համաչափ զարգացումը ՀՀ-ում»,- ասաց Գոռ Ալեքսանյանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ-ի համար միջազգային զբոսաշրջային մշակութահեն վարկանիշի ստեղծման ուղիները, մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության անհրաժեշտության, տեսլականի և նպատակների գործողության ծրագիրը: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև շահառուների կարծիքները, ընկալումները և առաջարկությունները Սևծովյան ավազանի երկրներում փորձառական զբոսաշրջության առաջնային լինելու վերաբերյալ:
Հավելենք, որ «PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը` որպես կայուն զարգացման ուղի, Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումներ և միջսահմանային համագործակցություն:
Ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ՝ Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա), Երևանի պետական համալսարան (Հայաստան) և Սալոնիկի համալսարան (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպությունը` Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):