- Գլխավոր
- Նորություններ
- ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Մայիս 03, 2021 | 13:19
Հասարակություն
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր «Աշխարհագրություն» առարկայից փորձնական քննություն էր կազմակերպել աշակերտների համար՝ ընդունելության քննություններին ընդառաջ:
Տարիներ շարունակ մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված միջոցառումները նպաստում են դիմորդների՝ նախընտրած ֆակուլտետին և կրթական ծրագրերին ծանոթացմանը:
Ըստ էության, միջոցառման այսօրինակ ձևաչափն իր բնույթով նոր էր ԵՊՀ-ում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանը նշեց, որ միջոցառման կազմակերպման համար նախապես տարածվել է հայտարարություն, որին արձագանքել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցները:
Ս. Քելյանը տեղեկացրեց, որ փորձնական քննության հարցաշարը մշակվել և կազմվել է ոլորտի մասնագետների կողմից, որոնք էլ երեք օրվա ընթացքում ստուգելու և ներկայացնելու են քննության արդյունքները:
Միջոցառման պատասխանատուներից Մարիամ Տաշյանը, որը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, նշեց, որ միջոցառման հիմնական նպատակն ընդունելության քննություններից առաջ ապագա դիմորդների լարվածությունը թուլացնելը և ինքնավստահությունը բարձրացնելն է:
«Ցանկացած դիմորդի համար շատ կարևոր է ընդունելության քննություններից առաջ ունենալ որոշակի փորձ. այս ամենը կնպաստի նրանց ինքնավստահության բարձրացմանը և կուտակած գիտելիքների հմուտ արտահայտմանը»,- ասաց Մարիամ Տաշյանը:
Նրա խոսքով, «Աշխարհագրություն» առարկայի փորձնական քննությանը մասնակցում են ոչ միայն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ապագա դիմորդները, այլև այն աշակերտները, որոնք մեծ հետաքրքրություն ունեն առարկայի նկատմամբ:
«Փորձնական քննությանը մասնակցող աշակերտներից մեծ մասը մեր ֆակուլտետի ապագա դիմորդներ են. սա լավ հնարավորություն է ծանոթանալու նախընտրած ֆակուլտետի կառուցվածքին, կրթական ծրագրերին և գործառույթներին: Կարծում եմ՝ այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը: