- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մայիս 05, 2021 | 15:59
Կրթություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին:
Հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների սաներն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախ այցելել էին Ազգային Ժողով, որից հետո կազմակերպիչների նախաձեռնությամբ ապագա կենսաբանները ԵՊՀ-ում ծանոթացան մանրէաբանական լաբորատոր սարքերի գործնական աշխատանքներին:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը, որը ներկայացրեց լաբորատորիայի հիմնական գործառույթներ, սարքավորումները՝ խոսելով մանրէաբան-կենսաբան մասնագիտության արդիականության և կարևորության մասին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:
«Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան տարվա ընթացքում շուրջ 1000 աշակերտ է հյուրընկալում, նույնիսկ խմբակներ են գործում, որտեղ աշակերտները հնարավորություն են ստանում ինքնուրույն լաբորատոր փորձեր անելու: Լաբորատորիայի աշխատակիցները նույնպես դպրոցներ են այցելում և գիտահանրամատչելի դասախոսություններ կարդում: Դպրոցների հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, քանի որ 21-րդ դարում մանրէաբանության դերը շատ է կարևորվում»,- նշեց փոխնախարարը:
Հրազդանի 13 ավագ դպրոցի սան Աստղիկ Հարությունյանը, որն օլիմպիադայի հաղթողներից է, ոգևորությամբ նշեց, որ երբեք նմանօրինակ ժամանակակից սարքեր չի տեսել և ուրախ է, որ հնարավորություն ունի ԵՊՀ այցելելու և ծանոթանալու լաբորատորիայի աշխատանքներին. «Կենսաբանություն մասնագիտությունը շատ եմ սիրում, կարծում եմ, որ ապագայում կանեմ հնարավորը Մայր բուհի ուսանող դառնալու և այս լաբորատորիայում մասնագիտանալու համար»:
Աշակերտները շրջեցին լաբորատորիայով, ծանոթացան ամենաարդիական սարքավորումների աշխատանքին, լսեցին մանրէաբանության ոլորտի խնդիրներն ու գնահատեցին իրենց հնարավորություններն՝ ապագայում լավ մասնագետ դառնալու համար:
Վարդուհի Զաքարյան