- Գլխավոր
- Նորություններ
- ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «WORLD SCIENTIFIC» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 23, 2022 | 14:49
Կրթություն
Գիտություն
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «WORLD SCIENTIFIC» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆ.մ. գ.դ., պրոֆեսոր, Հայկական մաթեմատիկական միության (ՀՄՄ) նախագահ Յուրի Մովսիսյանի «Գերնույնություններ, բուլյան և Դե Մորգանի կառուցվածքներ» («Hyperidentities: Boolean and De Morgan Structures») անգլերենով մենագրությունը տպագրել է «World Scientific» հրատարակչությունը։
Մենագրության հրատարակումից շատ ժամանակ չանցած՝ այն հռչակ ու պահանջարկ է ձեռք բերել թե՛ հայ, թե՛ օտարերկրյա մասնագետների շրջանում: Հատկանշական է, որ այս մենագրությունը միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում ավելի քան 100 գիտական հոդվածներ տպագրած հեղինակի երրորդ գիրքն է: Այն նվիրված է գերնույնությունների տեսությանը և դիսկրետ մաթեմատիկայում վերջինիս կիրառություններին։
Գիրքը կարևոր ուղեցույց է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ինչպես նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և գիտաշխատողների համար: Այն ճանապարհ է հարթում երկրորդ կարգի տրամաբանական լեզուների զարգացման համար, որտեղ քվանտորային ընդհանրության և գոյության ծավալիչները դրվում են նաև գործողության և պրեդիկատային նշանների վրա:
Կարևոր է նաև այն, որ հանրահաշվի, մաթեմատիկական տրամաբանության, դիսկրետ մաթեմատիկայի, հանգունակների տեսության մասնագիտությունների և դրանց կիրառություններով զբաղվող մասնագետների համար նախատեսված մենագրությունը հարուստ է չլուծված խնդիրներով, որոնց լուծումները կարող են հիմք դառնալ գերնույնությունների տեսության զարգացման հետագա փուլերի համար։
Ընդգծենք, որ ստանալով ոլորտի վերաբերյալ համակողմանի գիտելիքներ՝ ԵՊՀ ուսանողները ևս կարող են նպաստել տեսության զարգացմանն ու առաջադրված խնդիրների լուծմանը: Այս համատեքստում կարևոր է փաստել, որ գրքի հեղինակը ևս համալսարանի շրջանավարտ է, և նրա հաջողության գործում նույնպես էական ու առանցքային դեր է ունեցել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ստացած հիմնարար գիտելիքը: Հեղինակը հանրահաշվի ուղղությամբ այս թեմայով Հայաստանում առաջին թեկնածուական և դոկտորական ատենախոսությունն է պաշտպանել:
Նշենք, որ ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչի առաջին երկու մենագրությունները (լույս են տեսել համապատասխանաբար 1986 և 1990 թվականներին) համարվում են գերնույնությունների տեսությունն ուսումնասիրող առաջին մենագրությունները, որոնք նվիրված են տեսության սկզբնական գաղափարներին և արդյունքներին:
Մարինե Մկրտչյան