- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 26, 2021 | 13:58
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ բակում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականների հիշատակին նվիրված պուրակի բացումը:
Համալսարանի բակում տեղի ունեցած ծառատունկին մասնակցում էին համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ընդգծեց, որ երբեք չեն մոռացվի այն քաջարի համալսարանականների սխրանքները, որոնք մեկ վայրկյան անգամ չեն վարանել իրենց կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը. «ԵՊՀ-ն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու առաքելությունը, և մեր այսօրվա նախաձեռնությունը ևս դրան է միտված»:
Պարոն Գրիգորյանն ասաց, որ այսօրվա ծառատունկի ընթացքում տնկվելու են էնդեմիկ տեսակի վայրի տանձի և վայրի խնձորի ծառեր, որոնք ծաղկելու են ապրիլ-մայիս ամիսներին՝ ի հիշատակ զոհված ուսանողների, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
«Մենք ունենք եղևնիներ, որոնք համալսարանականները բերել են Քարվաճառից, այդ եղևնիներից մեկն անվանակոչվելու է ուսանող-ազատամարտիկ Գևորգ Արշակյանի անվամբ»,-հավելեց Մարատ Գրիգորյանը:
Ըստ դեկանի՝ համալսարանի բակում պատահական ծառեր չկան. բոլորն էլ պատմություն ունեցող, էնդեմիկ ծառատեսակներ են:
Պուրակի բացման արարողությանը ներկա էին Գևորգ Արշակյանի ընտանիքի անդամները, որոնք շնորհակալություն հայտնեցին համալսարանականներին ծառատունկի նախաձեռնության համար:
Անի Պողոսյան