- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Կայուն զարգացման կենտրոն
Կայուն զարգացման կենտրոն
Կենտրոնը հիմնադրվել է 2012 թ. մարտի 2-ին Երևանի պետական համալսարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
Կայուն զարգացման կենտրոնում ուսումնասիրվում են ՀՀ հանքահումքային և ջրային ռեսուրսների նպատակային, արդյունավետ ու անվտանգ օգտագործման ուղիները՝ երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով՝ չվտանգելով ապագա սերունդների հնարավորությունները՝ լիարժեք օգտվելու նշված բնական ռեսուրսներից։ Կենտրոնի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում ազգային և տեղական մակարդակներում՝ ապահովելով հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի հարցերի քննարկման և որոշումների ընդունման բոլոր փուլերում:
Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են կլոր սեղան-քննարկումներ՝ ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին հանքահումքային թափոնների խնդիրների, շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների նվազեցման, ջրային ռեսուրսների կառավարման, սողանքային երևույթների, ռիսկերի գնահատման ուղղություններով:
Ուսումնասիրությունների տվյալների հիման վրա ձևավորվում և ՀՀ Կառավարություն են ներկայացվում կոնկրետ առաջարկներ խնդիրների լուծման վերաբերյալ, տպագրվում են գիտական հոդվածներ: Ուսումնասիրությունների տվյալներն օգտագործվում են նաև ուսանողների ավարտական աշխատանքներում և մագիստրոսական թեզերում։
Կենտրոնի ծրագրերի արդյունքները կարևորագույն դեր ունեն օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու և ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարության մշակմանը նպաստելու տեսանկյունից:
2014 թ. կենտրոնն ընդգրկվել է «Բնական պաշարների կառավարման ռազմավարության» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հայեցակարգային մոտեցումների» մշակման գործընթացներում: Կենտրոնի առաջարկներն արդեն իսկ ընդունվել են վերջիններիս նախագծային փաստաթղթերում: Կենտրոնի մշակած հիմնական առաջարկներն ընդգրկվել են նաև «ՌԻՈ+20» վեհաժողովի որոշումների կայացման՝ 2015-2025 թթ. ազգային ռազմավարական ծրագրի հայեցակարգերի «Հանքարդյունաբերության գործունեություն, բնապահպանություն և մարդկանց առողջություն» բաժնում:
ՀՀ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության դադարից հետո կենտրոնում ծրագրերն իրականացվում են շահագրգիռ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն՝ Հ․ Հ․ Սարգսյան
Էլհասցե՝ hov.sargsyan@ysu.am
Կենտրոնի ծրագրերի համակարգող՝ Պ․ Օ․ Մուրադյան
Էլհասցե՝ papinmuradyan@ysu.am