- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան ստեղծվել է 2000 թվականին պրոֆեսոր Արա Ապկարյանի (ԱՄՆ) աջակցությամբ հիմնադրված Գերարագ օպտիկայի լաբորատորիայի բազայի հիման վրա: Հետագայում «Գիտություն հանուն խաղաղության» միջազգային ծրագրի (NATO SfP) և մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում լաբորատորիան համալրվել է վերջին սերնդի գերարագ լազերային համակարգով ու հարակից անհրաժեշտ սարքավորումներով: Այն անվանակոչվել է լաբորատորիայի հիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անունով:
Լաբորատորիայում կատարվող հետազոտությունների նպատակն է ֆեմտովայրկյանային սանդղակում լազերային ազդանշանների անալիզի և սինթեզի նոր արդյունավետ մեթոդների մշակումն ու ներդրումը ժամանակակից գիտության և տեխնիկայի լայն սպեկտրի համար, ինչպիսիք են գերարագ օպտիկան և ֆոտոնիկան, սպեկտրոսկոպիան, ֆեմտոքիմիան, ֆեմտոկենսաբանությունը, բժշկությունը, օպտիկական հաղորդակցությունը և այլն։
Հետազոտությունների հիմնական առարկան են լայնաշերտ սպեկտրոն-սիմիլարիտոնների գեներացումը և դրանց պոտենցիալ կիրառությունները, սիմիլարիտոնային և սոլիտոնային իմպուլսների սեղմումը և սպեկտրի կառավարումը, ֆեմտովայրկյանային իմպուլսների ձևավորումը և նրանց ամբողջական բնութագրումը ժամանակային ոսպնյակում, աղմուկից ճառագայթման ճնշում-զտումը, սպեկտրալ ինտերֆերաչափությունը գերկարճ իմպուլսի բնութագրման նպատակով։