- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիա
Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիա
Աստղաֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան բացվել է 2016 թ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) Վ. Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի և ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի աստղաֆիզիկոսների գիտական բազայի հիման վրա: Լաբորատորիայի գիտական ղեկավարը եղել է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Մ. Ա. Ղազարյանը: 2017 թ. լաբորատորիայի գիտական ղեկավար է ընտրվել ֆ.մ.գ.թ., լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Է. Լ. Կարապետյանը:
Աստղաֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան աշխատում է գիտական հետևյալ ուղղություններով.
- ԳՄԱ գալակտիկաների ձևաբանական, սպեկտրային և վիճակագրական ուսումնասիրություններ,
- թվայնացված շրջահայական թիթեղների վրա նոր օբյեկտների հայտնաբերում,
- ցածր գալակտիկական լայնությունն ընդգրկող տիրույթներում, որտեղ նման հետազոտություններ քիչ են կատարվել, կարմիր և գերկարմիր օբյեկտների հայտնաբերում, որոնք կարող են լինել ինչպես աստղեր, այնպես էլ միգամածություններ և գալակտիկաներ,
- աստղաառաջացման բռնկումով գալակտիկաների ուսումնասիրություն՝ գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլը հասկանալու համար,
- BL Lacertae տիպի օբյեկտների ուսումնասիրություն, ինչպես նաև նրանցից արձակված շիթերի հետագծերի մոդելավորում վիճակագրական տարբեր մեթոդներով,
- հայտնաբերված օբյեկտների բազմակողմանի ուսումնասիրություն՝ օգտագործելով Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ և ժամանակակից այլ երկրային և արտամթնոլորտային դիտակների միջոցով ստացված բարձրորակ նյութը,
- թիթեղների սկանավորման, թվայնացման, աստղաչափման, օբյեկտների դասակարգման և արխիվացված հսկայական տեղեկատվության ներդրումը տվյալների բազայում՝ ժամանակակից չափանիշներով և մեթոդներով՝ ապահովելով դիտողական նյութերի հասանելիությունը և դրանց հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակումը:
Լաբորատորիայի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են տիեզերքի անկայուն երևույթների հետ, ինչպես նաև սկսվել է շրջահայական թիթեղների թվայնացման գործընթացը: