Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում» թեմայով դասախոսություն կկարդա գերմանացի հայտնի լրագրող և մեդիա փորձագետ Այկե Քրիստիան Պետերինգը:
Կապահովվի նաև համաժամանակյա թարգմանություն։
Մասնագիտությամբ լրագրող Այկե Քրիստիան Պետերինգը Մյունխենի համալսարանում ուսանել է լրագրություն՝ մասնագիտանալով քաղաքագիտական և իրավաբանական լրագրության ոլորտներում։ Վերապատրաստվելով նաև Գերմանական լրագրության դպրոցում՝ աշխատել է գերմանական ԶԼՄ-ում, ինչպես նաև համագործակցել «Financial Times»-ի հետ։ Այնուհետև տասը տարի աշխատել է Եվրոպայի ամենաազդեցիկ հեռուստաընկերություններից մեկում՝ գերմանական ZDF հեռուստաընկերությունում՝ պատրաստելով և հեռարձակելով քաղաքական, տնտեսական և իրավագիտական հաղորդումներ։ Այդ ժամանակահատվածում նա հայտնի է դարձել նաև որպես մի շարք արժեքավոր վավերագրական ֆիլմերի հեղինակ, որոնց շարքին է դասվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող «Մոռացված ցեղասպանությունը» վերտառությամբ ֆիլմը։
Այկե Քրիստիան Պետերինգի՝ 2015 թ. պատրաստած և ZDF-ի հեռարձակած հիշյալ արժեքավոր ու ծավալուն փաստավավերագրական ֆիլմն առանձնանում է ոչ միայն Հայոց ցեղասպանության խորքային ներկայացմամբ ու փաստական հիմնավորվածությամբ, այլև դրան տրվող քաղաքական և իրավական գնահատականներով։
2015 թվականից ի վեր՝ Ա. Ք. Պետերինգը պարբերաբար արժեքավոր հրապարակումներ է ունեցել նաև Արցախի և արցախյան հակամարտության վերաբերյալ։ Ներկայում նա Կիպրոսում ղեկավարում է լրատվական գործակալություն՝ պարբերաբար կազմակերպելով տարաբնույթ հայանպաստ մեդիա միջոցառումներ։