Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Հետտրավմատիկ բուժում և աճ. միջգիտակարգային մոտեցումներ» թեմայով դասախոսություն կկարդա ճանաչված հոգեբան և ցեղասպանությունների կանխարգելման թեմայի հետազոտող Անի Գալայճեանը:
Դոկտոր Անի Գալայճեանը Կոլումբիայի համալսարանի «Ուսուցիչների քոլեջի» հոգեբանության ֆակուլտետի, Քրեական արդարադատության Ջոն Ջեյ քոլեջի դասախոս և «Meaningfulworld» կազմակերպության հիմնադիրն է, բազմամշակութային և բազմալեզու հոգեթերապևտ, ցեղասպանությունների կանխարգելման թեմայի հետազոտող, մարդասիրական օգնության միջազգային ադմինիստրատոր, ինտեգրատիվ բուժող, հեղինակ և ՄԱԿ-ի ներկայացուցիչ: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ, «SPSSI»-ի անդամ, «PSI CHI»-ի դեսպան և Նյու Յորքի բժշկության ակադեմիայի անդամ:
Դոկտոր Գալայճեանը ստացել է և՛ մագիստրոսի, և՛ դոկտորի կոչումներ Կոլումբիայի համալսարանից: Նա արժանացել է «Տարվա լավագույն հոգեբան» մրցանակին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից (2016 թ., Վնասվածքի բաժին), Միսսուրի-Կոլումբիական համալսարանի մարդասիրական մրցանակին (2014 թ․), Լոնգ Այլնդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը (2001 թ․): 2007 թ․ նա արժանացել է Կոլումբիայի համալսարանի տարվա նշանավոր շրջանավարտ մրցանակին: Դոկտոր Գալայճեանն ունի ավելի քան հրապարակված 100 հոդված միջազգային ամսագրերում, 6 գրքի հեղինակ է, որոնցից են õDisaster & Mass Trauma, Forget Me Not: 7 steps for Healing our Body», «Mind, Spirit, and Mother Earth» (2018), «A Journey of Empowerment, Healing, and Transformation» (2023), ինչպես նաև «Forgiveness & Reconciliation. Psychological Pathways to Conflict Transformation and Peace Building» (Springer, 2010) շարքի երկու հատորների գլխավոր խմբագիրն է:
Զեկուցում-քննարկմանը կմասնակցի նաև հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Հրանտ Ավանեսյան, որը հեղինակ է տարբեր լեզուներով տպագրված 214 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 4 մենագրություն, 15 ուսումնական ձեռնարկ) և 2 գյուտի: