ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Համատեքստային և զարգացման մոդելը՝ հասկանալու համար տարատեսակ և համալիր տրավմատիկ փորձառություններով պայմանավորված ազդեցությունները» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում։

Քննարկման գլխավոր բանախոս Բորիս Դրոզեկը ներկայացրեց թեմայի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունները՝ անդրադառնալով փախստականների, քաղաքական բռնության զոհերի և պատերազմի հետևանքների հետ աշխատելու իր հարուստ փորձին: Բորիս Դրոզեկը ներկայացրեց այս խմբերին օգնելու նորարարական գործիքներ, որոնք մեծ նշանակություն ունեն հոգեբանական աջակցություն ցույց տվող մասնագետների համար:

Այսօր ողջ հոգեբանական մասնագիտական համայնքը ներգրավված է մեր հասարակության, մասնավորապես Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներին հոգեսոցիալական վերականգնողական աջակցություն ցույց տալու աշխատանքներում։
Այս համատեքստում Բորիս Դրոժեկը ներկայացրեց նշյալ խմբերի հետ աշխատելու ևս մի գործիքակազմ։

Աշխարհի տարբեր երկրներում կիրառվող մեթոդներին և գործիքակազմերին ծանոթանալը նպաստում է Հայաստանի հոգեբանական համայնքի կարողություններն ու գիտելիքը հզորացնելուն։ Հանդիպմանը քննարկվեց նաև տրավմայի խնդիրը միջսերնդային համատեքստում, որը բացասաբար է ազդում թե՛ անհատի, թե՛ հասարակության՝ նոր իրավիճակները վերապրելու և հաղթահարելու գործընթացի վրա։