ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2006 թ․ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ: Կենտրոնն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք սեմինար-դասընթացներ, աշխատաշուկայի արդի պահանջների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ, այդ թվում՝ գործատուների ներգրավմամբ, խորհրդատվական հանդիպում-քննարկումներ (ինչպես կազմել ինքնակենսագրություն, ճիշտ ներկայանալ գործատուին, ստեղծել կարիերա), իրականացրել է կարճաժամկետ ու երկարաժամկետ նախագծեր, տարաբնույթ ծրագրեր, որոնք հաջողությամբ իրականացվում են նաև այսօր։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այժմ ակտիվ համագործակցում է ՀՀ շուրջ 500 պետական և մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
Կենտրոնի ջանքերով ստեղծվել է Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության ինտերնետային պորտալ։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համալսարանի ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար տեղեկացնում է թափուր աշխատատեղերի, պրակտիկաների, կամավորական աշխատանքների, ծրագրերի և այլ հնարավորությունների մասին։
Կենտրոնի հիմնական նպատակներն են՝
- աջակցել աշխատանքային շուկայում ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը,
- նպաստել համալսարանի և տարբեր ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև կայուն համագործակցությանը,
- նպաստել շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը։
Կենտրոնի հիմնական խնդիրներն են`
- ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ համալսարանում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
- ուսանողների՝ ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը,
- ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը,
- տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկությունների ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը,
- ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների կատարումը,
- ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարատեսակ խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկությունների տարածումը,
- շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`
- սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում,
- ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու, կարիերայի կառուցման և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ պրակտիկայի ծրագրեր,
- հանդիպումներ գործատուների հետ,
- կամավորական ծրագրերի իրականացում,
- շրջանավարտների տվյալների էլեկտրոնային բազայի ընդլայնում,
- համագործակցություն պետական համակարգի և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ,
- շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
- կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, ցուցահանդեսների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում։