Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ԻՄ) ուսանողների համար իրականացրեց կարիերայի խթանման ծրագիր, որի շրջանակում կենտրոնի աշխատակիցները ուսանողներին ներկայացրին հաջողակ կարիերա ստեղծելու հնարավորություններն ու առանձնահատկությունները։
Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը և աշխատակիցներն անցկացրին «Ինչպե՞ս գտնել հենց քո երազած աշխատանքը», «Ինչպե՞ս ներկայանալ գործատուին», «Գրագետ CV կազմելու կանոնները» թեմաներով դասընթացներ, ներկայացրին կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների համար առկա աշխատանքի հնարավորությունները՝ անդրադառնալով աշխատաշուկայի արդի պահանջներին ու խնդիրներին։ Կ․ Նազարյանը կարևորեց այսօրինակ միջոցառումները, որոնց շնորհիվ մարզերում բնակվող ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցելու տարբեր դասընթացների, պրակտիկաների և աշխատանքով ապահովվելու իրենց իսկ մարզերում։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ընդգծելով Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության կարևորությունը, նշեց, որ համատեղ իրականացրած նմանօրինակ ծրագրերն ուսանողներին ծանոթացնում են տարբեր կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի հնարավորություններին և նպաստում նրանց՝ կարիերա սկսելու կողմնորոշմանը։
Ծրագրի շրջանակում կազմակերպվեց շրջայց Իջևանի գինու և կոնյակի գործարան, որտեղ ուսանողները ծանոթացան գործարանի պատմությանը և գործունեությանը, գինու և կոնյակի պատրաստման գործընթացին, աշխատանքի առկա հնարավորություններին։
Կարինե Նազարյանի և գործարանի ներկայացուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի շարք ուսանողների առաջիկայում գործարանում աշխատանքի անցնելու հնարավորություն կընձեռվի։
Այնուհետև ուսանողների հետ հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, «The Gurus» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարիչ Անի Խաչատրյանը, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության տարածքային վաճառքների համակարգման բաժնի ղեկավար Նարեկ Գուլքանյանը, մասնագետ Վլադիմիր Նանյանը, որոնք ներկայացել էին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հրավերով։
«The Gurus» ընկերության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն ուսանողներին ներկայացրեց աշխատանքային, ինչպես նաև անվճար դասընթացներին մասնակցելու հնարավորությունները։
«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության տարածքային վաճառքների համակարգման բաժնի ղեկավար Նարեկ Գուլքանյանն անդրադարձավ ընկերության՝ Իջևանի մասնաճյուղում առկա թափուր հաստիքներին, ինչպես նաև իրենց աշխատակիցներին տրվող առավելություններին։
Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը խոսեց աշխատանքների առցանց շտեմարանի, զբաղվածության հարցերով պետական ծրագրերի, մարզերի ուսանողների համար նախատեսված դասընթացների մասին։
Հանդիպման ավարտին գործընկեր կազմակերպությունների և ԵՊՀ ԻՄ ներկայացուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի շրջանակում գործատուները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ կիրականացնեն ծրագրեր և պարբերաբար կտրամադրեն տեղեկություն թափուր հաստիքների վերաբերյալ։