ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպեց «Կարիերայի ուղղորդման և գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթաց, որի ժամանակ ուսանողներին ներկայացվեցին աշխատանք փնտրելու մշակույթի առանձնահատկությունները, ինքնակենսագրական կազմելու, համոզիչ մոտիվացիոն նամակ գրելու հմտությունները, հարցազրույցին ճիշտ ներկայանալու նրբությունները։
Դասախոսությունը անցկացրեց երիտասարդների զբաղվածության, կարիերայի ուղղորդման միջազգային փորձագետ Լիլիթ Հակոբյանը։ Դասընթացի ժամանակ ինտերակտիվ դասախոսություններն ուղեկցվեցին խմբային քննարկումներով, գործնական առաջադրանքներով, ինչպես նաև հստակ օրինակների քննարկումներով։ Ուսանողները հնարավորություն ստացան «SWOT» վերլուծության միջոցով բացահայտելու իրենց թույլ և ուժեղ կողմերը՝ որպես հնարավոր աշխատակից, քննարկելու հնարավորությունների ճիշտ օգտագործումը և մարտահրավերների դիմակայումը։
Մասնակիցները ծանոթացան ինքնակենսագրական կազմելու ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև հնարավորություն ստացան տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և իրենց ինքնակենսագրականները կազմելու։ Վերջիններս քննարկվեցին որպես հստակ օրինակներ, և առկա թերությունները շտկվեցին դասընթացավարի օգնությամբ։ Ներկաները ծանոթացան նաև մոտիվացիոն նամակի կառուցվածքին և յուրահատկություններին։
Դասընթացի ժամանակ քննարկվեցին հարցազրույցներին պատրաստվելու անհրաժեշտությունը, գործատուի կողմից տրվող հարցերին պատասխանելու հնարավոր մոտեցումները։ Մասնակիցները ստացան նաև դասընթացավարի հետ մոդելավորված հարցազրույցի մասնակցելու հնարավորություն, ինչը դասընթացն ավելի ինտերակտիվ դարձրեց և մասնակիցներին տվեց ստացած գիտելիքները ամրապնդելու հնարավորություն։ Դասընթացավարը ուսանողներին ներկայացրեց նաև հարցազրույցի ժամանակ ժեստերի լեզվի կարևորությունը և մեկնաբանեց մի շարք ժեստերի նշանակությունը։
«Ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու և հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ կարիերայի ուղղորդման և գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ: Նշված հմտությունները անհատներին տալիս են անհրաժեշտ գործիքներ՝ իրենց կարիերայի ուղիների վերաբերյալ գրագետ որոշումներ կայացնելու հարցում»,- նշեց դասընթացավար Լիլիթ Հակոբյանը։
«Նմանօրինակ հանդիպումների շնորհիվ ուսանողները գործատուներին ճիշտ ներկայանալու հնարավորություն են ստանում, ինչը շատ կարևոր է ներկայում կարիերա սկսելու համար։ Հատկապես գնահատելի է միջազգային ծրագրերում ներգրավված և մասնագիտական լուրջ փորձ ունեցող դասընթացավարների շփումը ուսանողների հետ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը՝ շնորհակալություն հայտնելով Լիլիթ Հակոբյանին արդյունավետ դասընթաց անցկացնելու համար։
Ուսանողների հետաքրքրվածության շնորհիվ դասընթացը կազմակերպվեց 2 անգամ՝ ս․թ. փետրվարի 14-15-ին և 19-20-ին։