ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ուսանողների համար անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որը վերաբերում էր «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագրին։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեցին ծրագրի բովանդակությունը, կարևորությունը, նպատակները, ծրագրին դիմելու մանրամասները, վերջինիս ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև ծրագրի ընթացքում լավագույնս հանդես եկած ուսանողների աշխատանքի հնարավորությունները։
«Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, որոնք ունեն ցանկություն գործնական փորձի, մենթորության և ոլորտի մասնագետների հետ համագործակցության միջոցով ներգրավվելու տեղեկատվական համակարգերի դինամիկ աշխարհում և ունենալու սեփական ներդրումը Հայաստանում թվայնացման օրակարգում։ Ծրագրի տևողությունը 12 ամիս է, որի ընթացքում ուսանողները կունենան հնարավորություն աշխատելու գործակալության 5 տարբեր ստորաբաժանումներում»,- նշեց կազմակերպության ներկայացուցիչը։
Ներկայացվեցին նաև կազմակերպության այն ստորաբաժանումները, որտեղ աշխատելու հնարավորություն կստանան մասնակիցները, մասնավորապես՝ կիբեռանվտանգության, հասարակայնության հետ կապերի, փոխգործելիության, ֆինանսների և գործառնությունների, օգտատիրոջ ինտերֆեյսի և փորձառության բաժինները։
Հանդիպմանը ներկա էին գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Շանթ Քասարջյանը, Թվային ծառայությունների թիմի ղեկավար Հարմիկ Նազարյանը և ՄՌԿ ղեկավար Թագուհի Տերտերյանը:
Հանդիպման ընթացքում ուսանողները կազմակերպության ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես ծրագրին, այնպես էլ ընկերությունում կարիերա սկսելու մանրամասներին։