ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները կապ են ստեղծում ուսանողի և գործատուի միջև, և այս գործընթացում կարևոր է ոչ միայն կարիերայի կենտրոնի, այլև ֆակուլտետների դերը։
Ռուբեն Բաղդիշյանը, որը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ է, ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը, խոսել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման, այդ բնագավառում ուսանողների կարիերայի ստեղծման մասին։
Անդրադառնալով տուրիստական ոլորտում սեփական փորձին՝ Ռ. Բաղդիշյանը կարևորել է իրենց կազմակերպությունում ԵՊՀ ուսանողների պրակտիկաների կազմակերպումը: Նրա խոսքով՝ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեության շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում կապ հաստատելու մի շարք կազմակերպությունների հետ՝ ստանալով պրակտիկաների հնարավորություն և աշխատանքի առաջարկ։
ԵՊՀ ուսանող Տարոն Ավետիսյանը, խոսելով հանդիպման արդյունավետությունից, ընդգծել է, որ այս հանդիպման շնորհիվ նոր գիտելիք է ստացել և պատկերացում կազմել ոլորտի մասնագիտական հնարավորությունների մասին։
Հանդիպման ընթացքում ուսանողները մի շարք հարցեր են ուղղել Ռ. Բաղդիշյանին նրա մասնագիտական գործունեության և փորձառության վերաբերյալ:
Նշենք, որ «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հետ կարիերայի կենտրոնը ձեռք է բերել համաձայնություն, որի շրջանակում որոշ ուսանողներ կստանան կազմակերպությունում պրակտիկա անցնելու և կարիերա ստեղծելու հնարավորություն։