ԵՊՀ-ի և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության միջև համագործակցության շրջանակում համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում անցկացվել է դասընթացների շարք:
Նմանօրինակ ծրագրերին մասնակցելը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնառությանը զուգահեռ վերապատրաստվելու ֆինանսաիրավական խորհրդատվության ուղղությամբ, ինչպես նաև աշխատանք գտնելու հեղինակավոր կազմակերպություններում:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ ծրագրի արդյունավետության մասին է փաստում այն, որ դասընթացների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել:
Կազմակերպության ներկայացուցիչ Անի Գևորգյանը, անդրադառնալով ծրագրի շարունակական բնույթին, նշել է. «Շատ ենք կարևորում ԵՊՀ-ի հետ համագործակցությունը, քանի որ հենց համալսարանն է պատրաստում ոլորտի լավագույն մասնագետներ: Մեր այս համագործակցությամբ նպատակ ունենք ոչ միայն ներկայացնելու ուսանողներին մեր գործունեությունն ու փորձը, այլև «կոտրելու» այն կարծրատիպը, թե միջազգային կազմակերպությունում աշխատելու համար անհրաժեշտ է անցնել երկար ճանապարհ»:
Թեպետ կազմակերպության թիրախային խումբը ավարտական կուրսերի, հատկապես ֆինանսական ոլորտին առնչակից ֆակուլտետների ուսանողներ էին, սակայն ծրագրի մասնակիցների շարքում էին նաև համալսարանի այլ ֆակուլտետների ուսանողներ:
Մասնակիցները դասընթաց-քննարկումից հետո հանձնել են գիտելիքի ստուգման թեստ: Նրանք, ովքեր հաղթահարել են այն, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, առաջիկայում կստանան աշխատանքի առաջարկ:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր: