ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ անցկացվեց հանդիպում «ՖԻՄ մենեջմենթ» ընկերության հետ, որի ժամանակ ուսանողներին ներկայացվեցին ընկերությունում առկա թափուր հաստիքները, կարիերայի հնարավորությունները։
Հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչ Գոհար Մանուկյանն ուսանողներին ներկայացրեց գործատուի ընտրության, պահանջների հիմնական չափանիշները, արժեքների և մշակույթների համադրելիությունը, ինչպես նաև մի շարք գործիքներ, որոնք կօգնեն յուրաքանչյուրին աշխատավայրի ընտրություն հարցում։
Դասախոսության ժամանակ խոսվեց կոնֆլիկտների տեսակներից, դրանց առաջացման պատճառներից, ինչպես նաև աշխատավայրում ու առօրյա հաղորդակցություններում դրանց կարգավորման ուղիներից ու մեթոդներից՝ անդրադառնալով թիմային աշխատանք կատարելու հմտություններին։
Գոհար Մանուկյանն ուսանողներին ներկայացրեց նաև կոնֆլիկտների կարգավորման անձնական փորձը՝ ուսանողներին հնարավորություն տալով ներկայացնել իրենց օրինակները, որոնք քննարկվեցին և վերլուծվեցին բանախոսի ու մասնակից ուսանողների հետ համատեղ։
Հանդիպմանն իրականացվեցին տեսական նյութն ամրապնդող դերային խաղեր, որոնք ուսանողների համար տեղեկատվության ամփոփումը դարձրին առավել հետաքրքիր։ Բանախոսը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Ընկերության հետ ձեռք բերվեց նմանօրինակ հանդիպումները պարբերական դարձնելու պայմանավորվածություն։