Երևանի պետական համալսարանի և «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացվեց հանդիպում բանկի ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ուսանողները հանդիպման շրջանակում հնարավորություն ունեցան մեկ դաս անցկացնելու բանկի Մանրածախ վարկային ռիսկերի բաժնի ղեկավար Վարշամ Ոսկանյանի և Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանի հետ։ «Բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման մեջ» թեմայով դասախոսության շրջանակում բանկի աշխատակիցները ներկայացրին տեսական գիտելիքները գործնականում կիրառելու միջոցները։
Դասախոսության ժամանակ ուսանողներին ներկայացվեցին բանկերի դերը տնտեսության մեջ, Կենտրոնական բանկի դերը տնտեսության մեջ, բանկային գործունեության հետ կապված ռիսկերը և բանկային համակարգի առաջարկած ծառայությունները։ Բանախոսներն անդրադարձան նաև ՀՀ բանկային համակարգի և ֆինանսական գրագիտության թեմաներին։
Ուսանողներին ներկայացվեցին նաև բանկում կարիերայի ստեղծման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին։