ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և «Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ապրիլի 12-ին քննարկեցին համագործակցության զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարները։
Կարևորելով Կոնվերս բանկի հետ գործակցության շրջանակի ընդլայնումը՝ Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց․ «Մենք նպատակ ունենք առավել արդյունավետ դարձնելու կապը պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ոլորտի մասնագետների միջև, քանի որ մինչ այժմ առավել մեծ ուշադրություն է դարձվել ուսանող-գործատու կապի ամրապնդմանը։ Փորձնակություններն ու ուսումնաարտադրական պրակտիկան համագործակցության միայն մեկ բաղադրիչն են կազմում․ կարևոր նշանակություն ունեն նաև գործընկեր կազմակերպություններից գիտակրթական հաստատություններին տրվող հետազոտական աշխատանքների կատարման պատվերները, ինչը փաստում է այն մասին, որ տվյալ գիտակրթական հաստատությունը կարողանում է տալ ինտելեկտուալ արտադրանք»։
Ողջունելով համագործակցությունն ամրապնդելուն և նոր նախաձեռնություններով հանդես գալուն ուղղված ԵՊՀ գործընկերների ջանքերը՝ պրոռեկտորը հատկապես ընդգծեց կրթական ծրագրերի արդիականացման գործընթացում ոլորտի ներկայացուցիչների ակտիվ ներգրավման կարևորությունը։
«Օրինակ՝ Կոնվերս բանկի տնօրինության նախագահը ԵՊՀ «Ակտուրական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրի, ինչպես նաև «Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական կրթական ծրագրերը մշակող փորձագետների խմբի անդամ է եղել և մեծ ներդրում է ունեցել ծրագրերի մշակման ընթացքում»,- ասաց նա։
Այս համատեքստում Միքայել Հովհաննիսյանը հավելեց, որ տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը մեծ տեղ է զբաղեցնում նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության արդյունավետությունը գնահատող միջազգային բոլոր համակարգերում։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանում այս առումով դեռ շատ անելիքներ կան։ Այդ համագործակցությունը խթանելու նպատակով համալսարանը պլանավորում է ձևավորել նաև ԵՊՀ գործընկերների ակումբ, որի շրջանակում բիզնես ոլորտի ներկայացուցիչները, կրթության կազմակերպիչները, դասախոսներն ու հետազոտողները հնարավորություն կունենան տարբեր ձևաչափերով պարբերաբար հանդիպելու համալսարանում և քննարկելու կրթության արդիականացման և գործատուների պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունները, հետազոտական ծրագրերի կիրառման հնարավորություններն ընդլայնելու լավագույն ձևերը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։ Ակումբի շրջանակում կազմակերպվելու են նաև տարբեր միջոցառումներ, իրականացվելու են համատեղ նախագծեր։
Ուսանող-աշխատաշուկա կապի ամրապնդման և գործընկերային հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեկ այլ կարևոր քայլ է մայիսի 16-ին կայանալիք «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը, որին մասնակցելու է նաև Կոնվերս բանկը։
Վերոհիշյալից զատ՝ հանդիպմանը քննարկվեցին նաև մոտ ապագայում կայանալիք ԵՊՀ շրջանավարտների ֆորումի մանրամասները և վերջինիս շրջանակում բանկի հետ համագործակցության ուղիները։
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը հանդիպումից հետո ուսանողների համար հանդես եկավ «Հայաստանի բանկային համակարգը, ձևավորման փուլերը և զարգացման ուղին» խորագրով դասախոսությամբ, որը կազմակերպվել էր Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ։
Անդրադառնալով նմանօրինակ հանդիպումների կարևորությանը՝ Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանը նշեց, որ դրանք ուսանողներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու տարբեր թեմաների, ինչը սովորական դասաժամերին հնարավոր չէ ապահովել՝ հաշվի առնելով կրթական ծրագրերի ժամանակային խտությունն ու ծավալը։ Նա նշեց, որ թեև դասընթացը կազմակերպվել էր՝ թիրախում ունենալով Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ուսանողներին, այնուամենայնիվ, այն բաց էր նաև այլ բուհերի ուսանողների համար։
«Այցելուներ ունեցանք նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը և խնդրեցին պարբերաբար այսօրինակ հանդիպումներ անցկացնել»,- նշեց Կարինե Ավետիսյանն ու հավելեց, որ Կոնվերս բանկի հետ կնքված հուշագիրը հնարավորություն է տալիս առաջին կուրսից սկսած գնալու բանկ և տեղում ծանոթանալու բոլոր բաժինների աշխատանքներին, ինչպես նաև դեռ ուսանող լինելով՝ անցնելու աշխատանքի։
Հավելենք, որ ԵՊՀ-ի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ոչ միայն ուսանողներն են պարբերաբար այցելում բանկ և մասնակցում տարբեր միջոցառումների, այլև բանկի աշխատակիցները համալսարանում հանդիպումներ են ունենում ուսանողների հետ՝ ներկայացնելով բանկային ոլորտի գործունեությունն ու նորարարությունները։