ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների համար կազմակերպվեց շրջայց, որի ժամանակ նրանց ներկայացվեցին ընկերության նախաձեռնությունները, թափուր աշխատատեղերը և նորարարական նախագծերը տարբեր թիմերում:
Շրջայցը վարեց ընկերության թվային ծրագրերի ներդրման ինժեներական թիմերից մեկը՝ Հրաչ Սեյրանյանի մասնակցությամբ:
Խոսելով շուկայի զարգացման միտումների, կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ինժեների դերի մասին՝ Հրաչ Սեյրանյանն ընդգծեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի առավելությունները, ներկայացրեց իր անձնական փորձը, որպես ինժեներ հաջողության հասնելու և առհասարակ թվային ծրագրերի ներդրման ոլորտում ձեռքբերումներ արձանագրելու ուղիները:
Ուսանողների հետ հանդիպումը ներառում էր նաև գործնական առաջադրանքներ, որոնք կատարվեցին կազմակերպության ներկայացուցիչների օգնությամբ։
Նրանք ուսանողներին պատմեցին իրենց անցած ճանապարհի, փորձի մասին, փոխանցեցին գիտելիքներ և տեղեկություններ՝ անդրադառնալով բազմաշերտ հաղորդակցություններին հաճախորդների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները ուսանողներին տալիս են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլ նաև կազմակերպությունների աշխատանքին ծանոթանալու հնարավորություն։