Միջնորդավորված թարգմանության ակունքները գալիս են թարգմանության պատմության խորքերից: Միջնորդավորված թարգմանության միջոցով մեզ են հասել ինչպես գրական-գեղարվեստական, այնպես էլ գիտական գրականության բազում նմուշներ: Նախկինում թարգմանական այս մոտեցումը ըստ արժանվույն չի գնահատվել ոլորտի մասնագետների կողմից, քանի որ միջնորդ լեզվից արված թարգմանությունները համարվել են ոչ արժեքավոր: «Միջնորդավորված թարգմանություն» հասկացությունը սկսում է լայն տարածում գտնել միայն 20-րդ դարի երկրորդ կեսին և արժանանում է թարգմանաբանների ուշադրությանը՝ դառնալով լեզվաբանական ուսումնասիրության առարկա:
Միջնորդ լեզվից արված թարգմանության միջոցով հնարավոր է դառնում գրականության «ձայնը» լսելի դարձնել աշխարհի բոլոր կողմերից: Այն հատկապես կարևորվում է ներկայիս գլոբալացման դարաշրջանում՝ որպես հաղորդակցության առանցքային միջոց: Համաշխարհային բազմաթիվ կազմակերպություններ իրենց գործունեությունը ծավալում են միջնորդ լեզվի, այս դեպքում՝ անգլերենի միջոցով:
Սույն գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ՝ միջնորդավորված թարգմանությանը վերաբերվող բազմաթիվ արդիական հարցերի քննարկման համար:
Սիրով հրավիրում ենք գրականության, լեզվաբանության, թարգմանաբանության, մանկավարժության, մշակութաբանության և հարակից այլ ոլորտների մասնագետներին մասնակցելու այս նշանակալի իրադարձությանը:
Գիտաժողովի շրջանակում քննարկվելիք հարցերը կներառեն հետևյալը, սակայն չեն սահմանափակվի դրանով.
- գրական-գեղարվեստական թարգմանություն,
- գիտական գրականության թարգմանություն,
- դասագրքերի թարգմանություն,
- մեքենայական և տեսալսողական թարգմանություն,
- բանավոր թարգմանություն,
- ենթարգրերի թարգմանություն և հնչյունավորում,
- տեղայնացում։
Լիահույս ենք, որ գիտաժողովի միջոցով հնարավորություն կընձեռվի վեր հանելու ոլորտում առկա արդիական խնդիրները, փոխանակելու նորանոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչը, անշուշտ, իր նպաստը կբերի թարգմանական ոլորտի կայուն զարգացման գործին:
Զեկուցումներ
Մասնակիցների զեկուցումները պետք է տևեն 30 րոպե (20 րոպե բուն զեկուցումը և 10 րոպե քննարկում): Զեկուցման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն սահիկաշար ներկայացնելու։
Գիտաժողովի լեզուներն են անգլերենն ու հայերենը, սակայն տպագրվելիք բոլոր հոդվածները պետք է ներկայացվեն բացառապես անգլերենով:
Գիտաժողովի մասնակիցները պետք է մինչև 2023 թ. հունիսի 15-ը ներկայացնեն իրենց զեկուցման ամփոփագիրը (առավելագույնը 300 բառ)՝ այն տեղադրելով մասնակցության ձևաթղթի համապատասխան դաշտում: Մինչև 2023 թ. հուլիսի 1-ը մասնակցության դիմում ներկայացրած անձանց կուղարկվի մասնակցության հաստատման վերաբերյալ համապատասխան ծանուցում:
Հրատարակվելիք հոդվածների անգլերեն տարբերակները պետք է ներկայավեն մինչև 2023 թ. դեկտեմբերի 1-ը: Հաստատված հոդվածները կտպագրվեն ամբիոնի միջազգային գիտական պարբերականում՝ Translation Studies: Theory and Practice: