ԵՊՀ-ում դասախոսություն կկարդա թարգմանիչ, բանաստեղծ Փիթեր ՄաքՄիլլանը
Ս․թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Մանյոշու. ճապոնական դասական գրականությունը և դրա նշանակությունը համաշխարհային գրականության համար» թեմայով դասախոսություն կկարդա թարգմանիչ, բանաստեղծ Փիթեր ՄաքՄիլլանը։ Դասախոսությունը կանցկացվի անգլերենով:
Փիթեր ՄաքՄիլլանը «Tsukinofune Co»-ի հիմնադիրն ու տնօրենն է, «NHK World»-ի «Կախարդական ճապոներեն» ծրագրի հաղորդավարը: Նա տարբեր ժամանակաշրջաններում աշխատել է Տոկիոյի, Կիորինի համալսարաններում։ Ճապոնիայում և ԱՄՆ-ում արժանացել է լավագույն թարգմանության մրցանակների։ Նրա թարգմանություններից են՝ «Հյակունին Իշյու» դասական ճապոնական բանաստեղծությունները (2008), «Իսե Մոնոգատարի» ճապոնական «վակա» բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուն (2016), «Հարյուր բանաստեղծներից մեկական բանաստեղծություն» ժողավածուն (2017): ՄաքՄիլլանի վերջին հրապարակումներից են «Ճամփորդություն Մացուո Բաշոյի պոեզիայի միջով» (2022), «Ճապոնական դասականներին կարդանք անգլերենով» և «Անգլերենով վայելենք Մանյոշուն» և այլն: Բացի դրանից՝ ճապոնական «Ասահի» թերթում հրապարակվում է նրա՝ «Աստղերի անտառում» վերնագրով շարքը:
Փիթեր ՄաքՄիլլանը ունի փիլիսոփայության մագիստրոսի և անգլիական գրականության դոկտորի կոչում: Նա նաև ստեղծագործում է ճապոնական ավանդական գեղանկարչության տեխնիկայով՝ «Սեյսայ» կեղծանունով: