Դեղագործական քիմիա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է` համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված ընդունելության կարգի։
Ընդունելության համար դիմորդը քննություն է հանձնում հետևյալ առարկաներից՝ «Քիմիա» (պարտադիր), «Կենսաբանություն» կամ «Ֆիզիկա» (կամընտրական):
Մանրամասները՝ ԵՊՀ կայքէջի «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ, որոնք օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով և գործնական հմտություններով, ինչը հնարավորություն կտա նրանց աշխատելու դեղատներում, դեղերի արտադրության մեջ, դեղերի ոլորտը կարգավորող կառույցներում, մաքսային ծառայության ոլորտում, փորձագիտական կազմակերպություններում, բժշկական, դատաբժշկական, գիտական ու կրթական հաստատություններում և այլուր:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու քիմիայի, ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները, ուսումնառության արդի ու հիմնարար հասկացությունները, տեսությունները և մեթոդները, քիմիական միացությունների կառուցվածքը, հատկությունները, անալիզի մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության և այդ նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնները, ինչպես նաև դեղերի և դեղագործական հումքի նախագծման, ստեղծման, պատրաստման, անալիզի և շրջանառության սկզբունքները, սահմանելու ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքները և հայեցակարգերը, քիմիայի, ֆարմացիայի, առողջապահության ոլորտներում, կենսաբժշկական և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքի կատարման հիմունքները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի բացահայտելու և լուծելու մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն և ցուցաբերելով հետազոտական և ստեղծագործական մոտեցում, գործընկերներին, առողջապահության բնագավառի այլ մասնագետների և ազգաբնակչությանը ներկայացնելու և բացատրելու քիմիայի, ֆարմացիայի և առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները, աշխատանքը դյուրացնելու համար հավաքել, պահպանելու, մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու և ներկայացնելու տեղեկատվությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով՝ կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի բացահայտելու և լուծելու մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն, հետազոտական և ստեղծագործական մոտեցում, աշխատելու թիմում և արդյունավետ համագործակցելու թիմի անդամների հետ՝ պահպանելով էթիկայի և վարվելակերպի նորմերը, օգտվելու մասնագիտական ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերից, կատարելու և կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում` թիմային աշխատանքում ստանձնելով պատասխանատվություն առանձին անհատների համար, որոշելու մասնագիտական հետագա զարգացման կամ աշխատանքի ուղիները:
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են երեք մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և աշխատասենյակներով:
Լաբորատորիաներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.
ԵՊՀ դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի գիտահետազոտական կենտրոն
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմակագնոզիայի ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի թունաբանական քիմիայի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի արդյունաբերական արտադրության ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի ներդեղատնային պատրաստման ուսումնական լաբորատորիա
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի լաբորատորիա
ԵՊՀ ֆարմատեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի գիտաուսումնական լաբորատորիա
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դասախոսություններ դիդակտիկ նյութերի կիրառմամբ, ինչպես նաև հեռաուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Կարիերայի հնարավորությունները
«Դեղագործական քիմիա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ կառույցներում` դեղարտադրող գործարաններ, հանրային և հիվանդանոցային դեղատներ, դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ, արտասահմանյան մատակարարների և դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ, գիտահետազոտական և կրթական հաստատություններ, դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու «Ֆարմացիա» մասնագիտությամբ ինչպես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ մասնագիտական տարբեր ինստիտուտների մագիստրատուրայում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և այլուր: