Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի տևողությունը 2 տարի է։ Ուսման վարձը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ։
Ծրագիրը ներդրվել է 2018 թ․ սեպտեմբերին ISTC հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում։
Ընդունելության պահանջները
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Անվճար և վճարովի ուսուցման ձևերով ընդունելությունն իրականացվում է անկախ ՄՈԳ-ից, բացառապես մասնագիտական քննությունների արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով (ընդունելության քննության հարցաշարը՝ այստեղ)։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողներին զինել տեսական ու կիրառական գիտելիքներով վիճակագրության ու տվյալների գիտության ոլորտների վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով ստանալու արդիական ու պահանջարկ ունեցող մասնագիտություն։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում շեշտադրվում են ինչպես տվյալագիտությունն ու ծրագրավորումը, այնպես էլ վիճակագրությունը: Այստեղ դասախոսում են երիտասարդ ու փորձառու մասնագետներ ակադեմիայից ու ինդուստրիայից, ուսումնառության ընթացքում իրականացվում են անհատական ու խմբային մի քանի նախագծեր։ Ծրագրի շրջանակում անցկացվում են մասնագիտական դասախոսություններ անգլերենով, դասախոսում և գիտական աշխատանքներ են ղեկավարում նաև մասնագետներ արտերկրից:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը բարձր առաջադիմությամբ ավարտող շրջանավարտները կարող են աշխատել ինդուստրիայում որպես միջին մակարդակի (middle level) տվյալագետներ հետևյալ ուղղություններով՝ համակարգչային տեսողություն (Computer Vision), ձայնային ազդանշանների մշակում (Voice and Sound Signal Processing), տեքստի ու բնական լեզվի մշակում (Natural Language Processing), մեքենայական ուսուցման կիրառություններ բժշկության մեջ, շարունակել կրթությունը ասպիրանտուրայում, Հայաստանում և արտերկրում, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ՝ ստանալով նոր արդյունքներ, տպագրելով հոդվածներ, դասավանդելով բակալավրիատում ու կարճաժամկետ մասնագիտական ծրագրերում:
Կրթական ծրագրի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են հետևյալ ընկերություններում՝ «Picsart», «Krisp», «Podcastle», «VMWare», «Service Titan», «PMI Science», «Ameriabank», «Amaros», «Biosim», «WorldQuant», «WebbFontaine», «SuperAnnotate AI», «Intent.ai», «Plat.ai», «Portmind, SmartClickAI» և այլն, ինչպես նաև դասավանդում են ԵՊՀ-ում, ՀԱՀ-ում, կարճաժամկետ կրթական ծրագրերում։
Կոնտակտներ
Ծրագրի ղեկավար՝ ֆ․մ․գ․դ․ Կարեն Քեռյան
Հասցե՝ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ալեք Մանուկյան 1
(+374 91) 507 705, (+374 91) 202 613
asds.ysu@gmail.com