Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Մագիստրատուրայի ընդունելությունը «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտության գծով դիպլոմ ունեցողների համար կատարվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտությունների գծով դիմորդների համար՝ նշված մասնագիտության բակալավրի ծրագրին համապատասխան կազմված հարցաշարով անցկացվող քննության հիման վրա:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ պինդմարմնային նանոֆիզիկայի և նանոնյութերի ֆիզիկական հատկությունների վերաբերյալ խոր գիտելիք և իմացություն, ձևավորել այդ բնագավառի զարգացման ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ հստակ պատկերացումներ՝ ծանոթացնելով նախանշված հատկություններով պինդմարմնային նանոհամակարգերի ստացման, ինչպես նաև ուսումնասիրման տեսական և փորձարարական հիմնական մեթոդներին:
Ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ուսանողները դառնում են գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական մասնագետներ՝ պինդմարմնային նանոէլեկտրոնային սարքաշինության, նանոնյութերի սպեկտրային և կառուցվածքային մանրազննության, ռենտգենագրական և էլեկտրոնագրական ախտորոշման (դիագնոստիկա), ռազմական արդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի և բնապահպանության և այլ թիրախային բնագավառներում աշխատելու համար:
Ծրագրի ավարտին շրջանավարտները ստանում են գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և դրանց արդյունքում լուծումներ, գիտական և ճարտարագիտական նախագծեր կազմելու, թիմում աշխատելու և ղեկավարելու կարողություններ:
Առավելությունները
Կրթական ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողներն ունակ կլինեն ներկայացնելու խոր մասնագիտական գիտելիքներ ֆիզիկայի հիմնական սկզբունքների և տեսությունների վերլուծության, փորձարարական հետազոտությունների պլանավորման, մոդելավորման և իրականացման գործընթացների առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելու պինդմարմնային նանոֆիզիկայի կարևոր ուղղությունները և հիմնախնդիրները:
Ծրագրի շրջանավարտները կկարողանան նկարագրել արդի ֆիզիկայի հայտնի տեսությունների կիրառման ոլորտները և տեխնոլոգիական իրականացման հնարավորությունները, ներկայացնել նանոֆիզիկայի և հարակից բնագավառների ձեռքբերումների տեխնոլոգիական կիրառությամբ պայմանավորված բնապահպանական վտանգները և դրանց հետևանքների ու ռիսկերի գնահատման եղանակները՝ մասնագիտական գործունեության ընթացքում բազմակողմանիորեն գնահատելով առաջացած խնդիրները, դրանց լուծման արդյունավետ տարբերակները և ընտրելով համապատասխան միջոցները, ինչպես նաև ներկայացնելով հետազոտական գործունեության համար թվային մոդելավորման, պատկերների մշակման ծրագրային փաթեթներ:
Կարիերայի հնարավորությունները
«Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել բուհերում, ակադեմիական և այլ գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրտեխնոլոգիական արտադրություններում, էներգետիկայի, բնապահպանության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում:
Հնարավոր աշխատավայրերն են՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը և գիտահետազոտական լաբորատորիաները, ԵՊՀ քիմիայի, կենսաբանության ֆակուլտետները և գիտահետազոտական լաբորատորիաները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ոսկու հարստացուցիչ գործարանը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ-ն և այլն:
Կոնտակտներ
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Արշակ Վարդանյան
vardan@ysu.am