Երևանի պետական համալսարանը՝ որպես Հայաստանի առաջին և առաջատար բուհ, գիտության և կրթության զարգացման գործի կազմակերպմանը զուգընթաց, ԵՊՀ հիմնադրման առաջին իսկ տարիներից ուշադրություն է դարձրել նաև ուսանողների ֆիզիկական կրթության, պատրաստվածության և առողջության ամրապնդման խնդիրներին: Այդ նպատակով համալսարանի հիմնադրման տարիներից աշխատանքի են հրավիրվել հանրապետությունում ճանաչված մասնագետներ, ձևավորվել են սպորտային խմբակներ, կազմակերպվել տարատեսակ միջոցառումներ ու մրցույթներ՝ ուսանողության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրություն և սեր արթնացնելու նպատակով:
Համալսարանի հնագույն ստորաբաժանումներից մեկը՝ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը, հիմնադրումից ի վեր ԵՊՀ-ում կազմակերպում է «Ֆիզպատրաստություն» պարտադիր առարկայի ուսուցումը, որն այժմ անցկացվում է ուսումնական 2 տարիների ընթացքում՝ 1-ին և 2-րդ կուրսերում։
Ամբիոնի հիմնադրումից ի վեր բուհում գործում են սպորտային խմբակներ, որոնց նպատակն է նպաստել ուսանողների մարզական բարձր պատրաստվածությանը։ Այժմ համալսարանում գործում են ավելի քան 25 խմբակներ՝ 15 մարզաձևերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հրաձգություն, ձեռքի գնդակ, բռնցքամարտ, քիքբոքս, ծանրամարտ, շախմատ, սեղանի թենիս, ըմբշամարտ, ժայռամագլցում և այլն: Ուսանողների մարզումներն անցկացվում են դասերից հետո՝ օրվա 2-րդ կեսից: Խմբակներում հնարավորություն ունեն ընդգրկվելու ինչպես մարզական փորձառություն ունեցող ուսանողները, այնպես էլ սկսնակները՝ համալսարանի բոլոր ֆակուլտետներից:
ԵՊՀ-ն այժմ ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզակառույցներ և մարզագույք: Ուսանողների ֆիզիկական դաստիարակության աշխատանքները կազմակերպվում են ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մեծ մարզասրահներում, հրաձգարանում, իսկ բուժական ֆիզկուլտուրայի մարզասրահը նախատեսված է առողջական խնդիրներ ունեցող ուսանողների համար: Ծանրամարտի և աթլետիկայի մարզասրահն այժմ վերանորոգվում և ընդլայնվում է, որն առաջիկա ամիսների ընթացքում կհանձնվի շահագործման՝ համալսարանականներին առաջարկելով ավելի մեծ հնարավորություններ: Բացի դրանից, շարունակաբար աշխատանքներ են տարվում՝ ստեղծելու նպաստավոր պայմաններ և հարմարավետ միջավայր ըմբշամարտի, բոքսի և այլ մարտական ձևերի ու սեղանի թենիսի մարզումները կազմակերպելու նպատակով:
Միջազգային չափանիշներին համապատասխանող ԵՊՀ մարզասրահներում, բացի ներբուհական միջոցառումներից, անցկացվում են նաև սպորտային հանրապետական մրցումներ, սպարտակիադաներ և միջազգային հանդիպումներ, որոնցում իրենց ակտիվ ներգրավվածությունն ունեն ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և համալսարանի ուսանողները:
Համալսարանի հիմնադրումից ի վեր կազմակերպվում են ուսանողական ներբուհական մրցաշարեր, արշավներ ու էքսկուրսիաներ՝ դեպի հանրապետության պատմաճարտարապետական կոթողներ, տեսարժան վայրեր և լեռնագագաթներ:
Երևանի պետական համալսարանը, որպես ՀՀ առաջատար բուհ, մասնակցում է ՀՀ ԿԳՄՍՆ և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կազմակերպած հանրապետական միջբուհական մրցաշարերի՝ գրավելով մրցանակային տեղեր և բարձր պահելով համալսարանի պատիվը սպորտի բնագավառում: Օրինակ՝ 2019 թվականի Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ընդհանուր հաշվարկով ԵՊՀ թիմը զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը: 2021-ին նույն մրցաշարում ԵՊՀ-ականներն 1-ին տեղն են զբաղեցրել հրաձգությունից, ուժային եռամարտից, սեղանի թենիսից, վոլեյբոլից, 2022-ին՝ հրաձգությունից, պարանի ձգումից, արագ շախմատից, իսկ 2023 թվականին՝ տղաների առաջնության հրաձգությունից, աղջիկների առաջնության 3x3 բասկետբոլից և այլն:
ԵՊՀ-ում գործող հրաձգության խմբակը միջբուհական պայքարում հանրապետության տասնակի չեմպիոն է, վոլեյբոլի, բասկետբոլի, ժայռամագլցման, շախմատի և այլ սպորտաձևերի դեպքում ևս կան բազմակի չեմպիոններ, որոնք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի պատիվը հանրապետական տարատեսակ մրցույթներում և առաջնություններում` միաժամանակ նպաստելով հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի առաջընթացին: