ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը հիմնադրվել է 1924 թ. և գործել Զինվորական ամբիոնի հետ համատեղ, իսկ 1933 թվականից ամբիոնը գործում է որպես համահամալսարանական ուսումնագիտական առանձին միավոր: Լինելով ԵՊՀ կառուցվածքային ամբողջական ստորաբաժանում՝ այսօր այն գործում է «Կրթության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքների, պետական կրթական չափորոշիչների, բուհերի ուսանողների ֆիզիկական դաստիարակության ծրագրի պահանջների և ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կանոնադրության համաձայն:
Ամբիոնն իր կրթադաստիարակչական, ուսումնամարզական առողջարար, հայրենասիրական և հայրենագիտական գործունեությունը ծավալում է՝ նպատակ ունենալով ֆիզկուլտուրայի և սպորտի բազմաբնույթ ձևերի միջոցով նպաստելու ուսանողների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական պատրաստվածությանը և սպորտային վարպետության կատարելագործմանը:
Ամբիոնի կազմավորման առաջին իսկ օրերից համալսարանում որպես մարզիչ-մանկավարժներ աշխատել են հանրահռչակ հեռացատկորդ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ չեմպիոն Արամ Տեր-Հովհաննիսյանը, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արտյուշա Նազարյանը (ըմբշամարտ) և այլ երևելի դեմքեր: Տարիների ընթացքում ամբիոնը համալրվել է բարձրագույն մասնագիտական կրթությամբ դասախոսներով, դոցենտներով ու պրոֆեսորներով, որոնք իրենց գործունեությամբ նպատակ ունեն համակողմանի կատարելագործելու ուսանողների ֆիզիկական ու բարոյակամային պատրաստականությունը, նպաստելու նրանց առողջության ամրապնդմանը:
Ամբիոնն իր կրթադաստիարակչական և ուսումնամարզական աշխատանքներում ընդգրկում է բոլոր ֆակուլտետների ուսանողներին՝ խնդիր ունենալով ֆիզկուլտուրայի և սպորտի բազմաբնույթ միջոցներով կատարելագործելու սովորողների սպորտային վարպետությունը: Այդ մասին են վկայում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ անցկացվող Ուսանողական մարզական խաղերի՝ տարբեր մարզաձևերում գրաված բազմաթիվ մրցանակային տեղերը:
Ուսումնական տարվա վերջում բոլոր ուսումնական ստորաբաժանումների ուսանողները հանձնում են ստուգարք: Առարկայի կարևորագույն պահանջներն են ֆիզդաստիարակության պարապմունքներին կանոնավոր հաճախելը և ակտիվ մասնակցելը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելը։
Ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառին հատուկ է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզակառույցների ու մարզագույքի առկայությունը: ԵՊՀ ղեկավարության և ամբիոնի առաջարկությամբ 1970-ական թթ. Հայաստանի Կառավարությունը որոշում է ընդունել համալսարանի նոր ուսումնական մասնաշենքերի կառուցմանը զուգընթաց կառուցելու մարզահամալիր՝ 5 մարզադահլիճներով, որտեղ հետագայում ավելացել են հրաձգարանը և բուժական ֆիզկուլտուրայի մարզասրահները:
Մարզահամալիրի կառուցումը (1979-1980 թթ.) յուրովի առաջադիմական իրողություն էր ոչ միայն համալսարանի, այլև առհասարակ հանրապետության կրթամշակութային կյանքում: Համալիրի լրիվ շահագործումից հետո հնարավորություն ընձեռվեց ոչ միայն ուսանողության ֆիզիկական դաստիարակության աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխան կազմակերպելու, այլև անցկացնելու սպորտային մեծ մասշտաբի մրցումներ, սպարտակիադաներ, միջազգային հանդիպումներ:
Համալիրի նախագծային աշխատանքներից մինչև շահագործումը հսկայական ներդրում են ունեցել ԵՊՀ երբեմնի պրոռեկտոր Վ. Ասլանյանը և ամբիոնի վարիչ Գ. Պետրոսյանը, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ այդ կարևոր կառույցը նշանակալի ձեռբերումներ է ունեցել։
Համալսարանի հավաքական թիմերը ընկերական հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքների համալսարանների ուսանող-մարզիկների հետ (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Տարտու, Օդեսա, Դոնեցկ, Ռիգա, Ռոստով, Վիլնյուս, Թբիլիսի, Աշխաբադ, Թեհրան, Սպահան): 2002 թ. սեպտեմբերին Սպահանի համալսարանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) հրավերով ԵՊՀ վոլեյբոլի և բասկետբոլի՝ տղաների հավաքականներն ընկերական հանդիպումներ են անցկացրել Սպահանի և Շիրազի համալսարանների հավաքականների հետ: Սփյուռքահայության լուսավորչական և ուսումնագիտական կազմակերպություններին օգնելու նպատակով ամբիոնի դասախոսների հեղինակած ուսումնամեթոդական սպորտային գրականություն է ուղարկվել Կիպրոսի, Լիբանանի, Արցախի և հայաբնակ այլ կենտրոններ:
Ամբիոնի աշխատանքները չեն սահմանափակվում ֆիզդաստիարակության դասերի անցկացումով: Դասերից հետո՝ օրվա 2-րդ կեսից, գործում են սպորտային կատարելագործման 25 խմբակներ՝ 15 մարզաձևերից:
Ամբիոնի դասախոսները մասնակցում են Դասախոսական գավաթ ամենամյա մրցաշարին: Նրանք համահեղինակ են 2007 թ. ԿԳ նախարարության հաստատած՝ բուհերի ուսանողների ֆիզիկական դաստիարակության ծրագրի: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ երկրների և միջազգային գիտաժողովներում: Գիտաուսումնական ու մարզական աշխատանքներից բացի՝ ամբիոնի դասախոսները հասարակական զգալի աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետության և միջազգային ֆիզկուլտուրային շարժման գործընթացներում՝ սպորտային ֆեդերացիաներ, մրցավարական հանձնաժողովներ և այլն:
Ամբիոնը գիտական գործակցություն ունի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի, Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի հետ:
Ամբիոնի բազմաբովանդակ աշխատանքները պարբերաբար լուսաբանվել են ԵՊՀ կայքէջում և «Երևանի համալսարան», «Մարզական Հայաստան», «Հորիզոն» թերթերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ:
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի աշխատանքը միշտ ուղղված է համալսարանի ուսանողության համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևորագույն գործին ու հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի առաջընթացին։