- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
- Արտասահմանյան գրականության ամբիոն
Արտասահմանյան գրականության ամբիոն
Արտասահմանյան գրականության պատմությունը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրվանից ներառվել է Պատմալեզվագրական ֆակուլտետի ուսանողների համար անցկացվող դասընթացների շարքում: 20-ական թվականներից այդ դասընթացները կարդացել են ականավոր այնպիսի գրականագետներ, ինչպիսիք են Սիմեոն Հակոբյանը, Սարգիս Մանուկյանը, նշանավոր գրող, եվրոպական լեզուների և մշակույթի հիանալի գիտակ Զապել Եսայանը: Ավելի ուշ անվանի գրականագետ-քննադատ Ցոլակ Խանզադյանը համալսարանում սկսել է վարել «Գրականագիտության տեսական հիմունքներ» դասընթացը։
1929 թ․ Հայաստանում համալսարանական ուսուցման զարգացման պահանջներին համապատասխան ստեղծվել են գրականության առանձին ամբիոններ, այդ թվում՝ Արտասահմանյան գրականության ամբիոնը: Տասը տարի ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Սիմեոն Հակոբյանը: Այդ տարիներին լույս են ընծայվել մի շարք դասագրքեր` «Եվրոպական գրականության գլխավոր էջերը», Ա. Լունաչարսկու, Պ. Կազանի, Ֆ. Շիլլերի հայտնի ձեռնարկները, որոնք թարգմանվել և հրատարակվել են հայերեն: 30-ական թվականներից ամբիոնում դասավանդում էին Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) արվեստագիտական ակադեմիայի ասպիրանտուրան ավարտած երիտասարդ գիտնականներ Հ. Մամիկոնյանը և Ս. Սողոմոնյանը, որոնք հետագայում ղեկավարեցին Արտասահմանյան գրականության ամբիոնը (Հ. Մամիկոնյանը` 1957-1970 թթ․, Ս. Սողոմոնյանը` 1970-1978 թթ.): Հարկ է հիշատակել Հ. Մամիկոնյանի «Արտասահմանյան գրականության պատմություն. Վերածնության շրջան» դասագիրքը, Ս. Սողոմոնյանի «Եվրոպական գրականության ուրվագծեր», «Եվրոպական ռեալիզմի պատմությունից» ուսումնասիրությունները:
1956 թ. գրականության տեսության առարկաներն անջատվել են Արտասահմանյան գրականության ամբիոնից և տրվել այլ ամբիոնների:
1982 թ. Արտասահմանյան գրականության և Գրականության տեսության ամբիոնները միավորվել են մեկ միասնական ամբիոնի կազմում, որը ղեկավարում էր ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը, իսկ 1986 թ. հունվարից մինչև 2007 թ. մայիսը` բ․գ․դ․, պրոֆեսոր Հ. Էդոյանը:
2007 թ. սեպտեմբերից Արտասահմանյան գրականության ամբիոնը, առանձնանալով Հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնից, շարունակում էր տպագրել «Համատեքստ» գիտական ամսագիրը (տպագրվում էր դեռևս 2002 թ․)։
Ամբիոնը համատեղ աշխատանքներ է նախաձեռնում Հայաստանում գործող դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կառույցների հետ` կրթական բազմաթիվ ծրագրերի իրականացման նպատակով:
2009-2020 թթ․ ամբիոնը պաշտոնավարել է բ․գ.դ․, պրոֆեսոր Արա Առաքելյանը: Այդ ընթացքում Արտասահմանյան գրականության ամբիոնը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, որոնցից է «Ֆրիդրիխ Նիցշեն մշակույթի համատեքստում» խորագրով (2015 թ․) գիտաժողովը: 2016 թ․ Ֆրանսիայից ժամանած դասախոսական կազմի հետ համատեղ կազմակերպվել է ֆրանսիական էքզիստենցիալիստների ստեղծագործական գործունեությանը նվիրված շնորհանդես։
2021 թվականից Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է բ․գ․թ․ Անուշ Սեդրակյանը։
Ամբիոնի պրոֆեսորներ Հենրիկ Էդոյանը, Արա Առաքելյանը, Վահե Արսենյանը, Անուշ Սեդրակյանը բնագրերից թարգմանություններ են պատրաստել և տպագրել՝ ներառելով նաև գրական-փիլիսոփայական երկեր, որոնց թվում՝ Հին Արևելքի պոեզիան, Ֆրանց Կաֆկայի, Դեն Բրաունի, Մարգարիտ Միտչելի, Վըրջինիա Վուլֆի, Դ. Հ. Լորենսի, Դիլըն Թոմասի, Ուիլյամ Բլեյքի, Խալեդ Հոսեյնիի, 20-րդ դարի ֆրանսիական բանաստեղծների ստեղծագործությունները: Ուշագրավ է պրոֆեսոր Ա. Առաքելյանի ««Նիբելունգների երգից» մինչև «Հուլունքախաղ»» մենագրությունը, որը ներառում է գերմանական գրականության սկզբնավորումից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը:
Ամբիոնի գիտական աշխատանքը զարգանում է հետևյալ հիմնական ուղղություններով․
- անգլո-ամերիկյան գրականության հիմնախնդիրները (Վերածննդից մինչև 21-րդ դար), մոդեռնիզմի գեղագիտական նորմերը և դրանց կիրառումը արվեստի տարբեր բնագավառներում,
- ֆրանսիական գրականության հիմնախնդիրները (Վերածննդից մինչև 21-րդ դար),
- իսպանական և լատինամերիկյան գրականությունների հիմնախնդիրները (Վերածննդից մինչև 21-րդ դար), մոգական ռեալիզմի դրսևորումները լատինամերիկյան գրականության մեջ,
- գերմանական գրականության հիմնախնդիրները (Վերածննդից մինչև 21-րդ դար),
- իտալական գրականության հիմնախնդիրները (Վերածննդից մինչև 21-րդ դար),
- համեմատական գրականագիտություն,
- գրականության հասարակական-քաղաքական և հոգեբանական մեկնությունները 16-21-րդ դարի գրականության մեջ,
- արևմտաեվրոպական գրական-գեղագիտական ուսմունքները,
- 17-19-րդ դդ. արևմտաեվրոպական գրական ուղղությունները,
- 20-րդ դարի արևմտաեվրոպական գրական ուղղությունները։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ