Ս․թ․ հուլիսի 10-ից 15-ը Նյոշատելի համալսարանում (Շվեյցարիա) տեղի է ունեցել Իսպանագետների միջազգային ասոցիացիայի XXI կոնգրեսը, որին մասնակցում էր նաև ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը: Այն իսպաներեն լեզվին ու գրականությանը, իսպանախոս աշխարհի մշակույթին նվիրված ամենահեղինակավոր կոնգրեսն է, որին այս տարի մասնակցում էին աշխարհի 40 երկրների ավելի քան 400 իսպանագետներ, հայտնի ակադեմիկոսներ, պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում՝ հեղինակավոր տարբեր հաստատություններից՝ Սերվանտեսի ինստիտուտ, Նեբրիխայի հիմնադրամ, Սորիայի Դուքսերի հիմնադրամ, անվանի հրատարակչություններ և այլն:
Հ. Բաղդասարյանը Իսպանագետների միջազգային կոնգրեսում ելույթ է ունեցել «Դարձվածային պատկերավորություն և թարգմանություն (Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի ֆրանսերեն թարգմանությունների հիման վրա)» թեմայով:
Նշենք, որ Իսպանագետների միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1962 թ․ Օքսֆորդում՝ նպատակ ունենալով խթանելու իսպաներենը և իսպանական մշակույթն աշխարհում։ Այն այսօր դարձել է իսպանախոս աշխարհի «մշակութային երկխոսության» կարևորագույն հարթակ: