Ս.թ. նոյեմբերի 13-ին և 14-ին Ռոմանական բանասիրության ամբիոնի, Կադիսի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետի և Հայ-իսպանական կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպվել էր առցանց դասախոսությունների շարք ԵԼՀ ֆակուլտետի իսպանական բաժնի ուսանողների համար:
Նորաստեղծ Հայ-իսպանական լսարանում առցանց ձևաչափով դասախոսություններ կարդացին Կադիսի համալսարանի դասախոսները:
Դասախոսությունների մասնակիցներին ողջունեց Կադիսի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետի միջազգայնացման գծով փոխդեկան Ռաֆայել Վելեսը՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը սկիզբ կդառնա հետագա բեղմնավոր համագործակցության, համատեղ նոր ծրագրերի իրագործման համար:
Նոյեմբերի 13-ին դոկտոր Մարիա դել Կարմեն Ֆերնանդեսը ներկայացրեց «Մշակութային տարրերը գլոբալացված գովազդում (իսպաներեն-անգլերեն-հայերեն համեմատական քննություն)» թեմայով դասախոսությունը, որն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով:
Ներկաների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև դոկտոր Մարի Կարմեն Մերինո Ֆերադայի ներկայացրած «Հաղորդակցական ստրատեգիաները լրագրային դիսկուրսում» դասախոսությունը, որտեղ հատուկ անդրադարձ կատարվեց մտաշահարկման տարբեր մեխանիզմներին: Իսկ Ալբա Քինտերո Ֆերնանդեսի ներկայացրած «Կադիսի հայ համայնքը. Սփյուռքի պատմության վկայություններ» դասախոսությունն աչքի ընկավ իր նորարարական բնույթով. Կադիսի 17-18-րդ դարերի հայ համայնքի առևտրականների գործունեությունը ներկայացվեց տարբեր արխիվներից քաղված պատմական փաստաթղթերի հիման վրա:
Գրականության և երաժշտության առանձնահատուկ համակցություն էր Ելենա Կաբալյերոյի «Գրականությունից երաժշտություն. Ֆեդերիկո Գարսիա Լորկա, Լեոնարդ Քոհեն, Էնրիկե Մորենտե» թեմայով դասախոսությունը, որը նույնպես առանձնահատուկ քննության առարկա դարձավ:
Նշենք, որ դասախոսություններին մասնակցած ուսանողներին Կադիսի համալսարանի կողմից կտրվեն հավաստագրեր: