ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի բաժնի համագործակցության շրջանակում կազմակերպվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը՝ «The Yerevan TESOL II: A Course for Teachers of English» խորագրով։
Դասընթացը, որը վարելու են միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնում դասավանդող ամերիկացի դասախոս Կիրի Մանուկինը և մի շարք այլ հրավիրյալ մասնագետներ, կներառի անգլերենի դասավանդմանն առնչվող մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաներ:
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մեկնարկը տրվել է ս.թ. փետրվարի 15-ին: «Արդյունավետ գնահատումների ձևավորում» («Designing Effective Assessments») խորագրով առաջին աշխատաժողովը վարել է Քութայիսիի Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետում դասավանդող ամերիկացի մասնագետ Փոլ Թուքին:
Ինտերակտիվ և գրավիչ աշխատաժողովի շրջանակում քննարկվել են գնահատումների ձևավորման և ուսանողների առաջադիմության բարելավման ուղիները: