ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Ազգային գրադարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է Ֆրանկ Կասենտիի «Կարմիր պաստառը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների վերահուղարկավորմանը Փարիզի Պանթեոնում:
Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի ազատության համար մղված պայքարը․ օկուպացված Ֆրանսիայի պատերին փակցված կարմիր պաստառը ժողովրդի դատաստանին էր հանձնել մի խումբ օտարերկրյա, հիմնականում կոմունիստ պարտիզանների, որոնց ղեկավարում էր հայազգի Միսաք Մանուշյանը: Ազատ Ֆրանսիայի համար պայքարող 23 ներգաղթյալ պարտիզաններից 22-ը, որոնք ձերբակալվեցին գերմանացիների ծավալած լայն արշավի ընթացքում, գնդակահարվեցին Մոն Վալերիենում 1944 թ. փետրվարի 21-ին: Քսաներեքերորդին, որը կին էր, նացիստները մահապատժի ենթարկեցին 1944 թ. մայիսի 10-ին: Ֆիլմում նկարագրված է ֆրանսիական Դիմադրության շարժման օտարերկրյա նահատակների հերոսական պատմությունը:
Նշենք, որ Լուի Արագոնի «Կարմիր ազդը» բանաստեղծությունը հենց այս իրադարձությունների մասին է, որը երգի է վերածել Լեո Ֆերեն։ Երգը հայերեն թարգմանել և կատարում է ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի նախկին դասախոս Պերճ Թյուրաբյանը։ Լեո Ֆերեի երգն էր հնչում նաև փարիզյան Պանթեոնում Մանուշյանների աճյունների ամփոփման ժամանակ։
Ֆրանսիական բանասիրության ամբիոնում լավագույն ավանդույթները շարունակվում են: Դրա վառ ապացույցն է նաև այն, որ «Կարմիր պաստառը» ֆիլմի թարգմանությունը վստահված էր Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Աննա Մարությանին: Նա ոչ միայն այս ֆիլմն է թարգմանել, այլև բազմաթիվ վեպեր, ստեղծագործություններ, ընդ որում՝ ոչ միայն ֆրանսերենից, այլև պորտուգալերենից: