
Փետրվարի 29-ին ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի բակալավրի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներն այցելեցին Արտաքին գործերի նախարարություն:
Այցելությունը ճանաչողական բնույթ էր կրում: Աշխատակիցներն ուսանողներին ներկայացրին Արտաքին գործերի նախարարության կառուցվածքը, ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, դպրոցի գործունեությունը և նպատակները: Դիվանագիտական դպրոցում ուսման տևողությունը 10 ամիս է: Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
2010-2023 թթ․ Դիվանագիտական դպրոցն ունեցել է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրով 11 խումբ` 242 շրջանավարտ։

Դպրոցը հաջողությամբ ավարտած շրջանավարտներից 144-ը աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
Ուսանողներին ներկայացրին նաև Արտաքին գործերի նախարարության գործառույթները, դիվանագիտական աստիճանները, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները: Նախարարությունն ունի հարուստ գրադարան։ Այցի ժամանակ ուսանողներին տեղեկացրին, որ իրենց գիտական աշխատությունները գրելիս կարող են օգտվել գրադարանի համապատասխան գրքերից:
Հավելենք, որ ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի երկու ուսանողներ ներկայում 6 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա են անցնում Արտաքին գործերի նախարարությունում: