Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» բակալավրի կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (ՀՀ Կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի N 597–Ն որոշում)։
Դիմորդը ընդունելության քննություններ է հանձնում «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Անգլերեն» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
«Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» բակալավրիատական կրթական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները` տրամադրելով խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտի վերաբերյալ, սովորողներին տալ տեսական և գործնական գիտելիքներ՝ թարգմանաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար, սովորեցնել մասնագիտական տարբեր բնագավառներում թարգմանական գործունեություն ծավալելու և որակյալ թարգմանություն կատարելու գործնական հմտություններ:
Առավելությունները
Որակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է, և աշխատանքի տեղավորման հնարավորությունները նույնպես բազմազան են: Սույն ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտում, ունակ կլինի կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ մասնագիտական տարբեր ոլորտներում, ինչը զգալիորեն կխթանի մրցունակությունն աշխատաշուկայում:
Կարիերայի հնարավորությունները
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ հաստատություններում և կազմակերպություններում՝ տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններ, մասնագիտական տարբեր ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող միջազգային կազմակերպություններ և միջպետական համատեղ ձեռնարկություններ, նոտարական գրասենյակներ, դատարաններ, բանկեր, տուրիստական գործակալություններ և այլ կազմակերպություններ, ինչպես նաև պետական մի շարք այլ հաստատություններ և մասնավոր ձեռնարկություններ։