Կիրառական լեզվաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Կիրառական լեզվաբանություն (անգլերեն, առկա, տևողությունը՝ 1,5 տարի, մասնագիտության թվանիշը՝ 31100, շնորհվող որակավորումը՝ Լեզվաբանության մագիստրոս) միջգիտակարգային լեզվաբանական ոլորտ է, որն արծարծում է ժամանակակից լեզվաբանության տեսության և պրակտիկայի հետ առնչվող մի շարք խնդիրներ և հնարավորություն է տալիս շրջանավարտներին աշխատելու կիրառական բազմաթիվ և բազմազան ոլորտներում։ Ծրագրի տևողությունը` երեք կիսամյակ:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր քննությամբ՝ նախապես կազմված հարցաշարի հիման վրա։ Հարցաշարին հնարավոր է ծանոթանալ «Ընդունելություն» բաժնում։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն ոլորտի խոր մասնագիտացված գիտելիք և կարողություններ՝ մասնագիտական գործունեություն և հետազոտություն իրականացնելու համար: Սույն ծրագրի նպատակն է տրամադրել խորացված ուսուցում կիրառական լեզվաբանության ոլորտում, խոր տեսական գիտելիք` լեզվի ուսուցման ժամանակակից ուղղությունները, հիմնախնդիրները և եղանակները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար, զարգացնել ուսանողների քննադատական մտածողությունը, տեսությունը և պրակտիկան համադրելու և գնահատելու ունակությունը, տալ ուսանողներին այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են հասարակական գործունեության բազմազան ոլորտներում անգլերեն դասավանդելու և մասնագիտական այլ գործունեություն ծավալելու համար:
Առավելությունները
«Կիրառական լեզվաբանություն (անգլերեն)» մագիստրոսական ծրագիրն ունի մի շարք մրցակցային առավելություններ, որոնց շնորհիվ այն կարող է առաջատար դիրք գրավել աշխատաշուկայում։ Կրթական ծրագրի մոդուլները համապատասխանում են միջազգային չափանիշներին և պարունակում են պարտադիր հետազոտական, գործնական, կիրառական բաղադրիչներ։
Ծրագրում ներգրավված են տեսական և գործնական հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ինչը կապահովի և՛ կրթության կիրառականությունը, և՛ ուսանողներին կտա համապատասխան գործնական պրակտիկա անցնելու հնարավորություններ
Բուհական համակարգում կիրառական լեզվաբանական կրթական ծրագրով դասընթացների անցկացումը մեծ առավելություն է, և այս առումով Երևանի պետական համալսարանը առաջինն է: Այսպիսով, անգլերենով կիրառական լեզվաբանական հմտությունների ուսուցման շեշտադրումը ծրագրի մրցակցային առավելություններից է: Կրթական սույն ծրագրի իրականացման գործընթացում առավելապես կարևորվում են լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական նյութերի ուսումնասիրության ժամանակակից տեսական և գործնական մեթոդները:
Բոլոր քննությունները (թե՛ միջանկյալ, թե՛ եզրափակիչ) պարունակում են հետազոտական-գործնական բաղադրիչ։ Ստուգարքները, միջանկյալ և եզրափակիչ քննություններն անցկացվում են տեսական և գործնական գիտելիքի ստուգման ժամանակակից, միջազգայնորեն ընդունված մեթոդներով։ Դիպլոմը շնորհվում է բարձր մասնագիտական չափանիշներին համապատասխանող ուսանողներին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ աշխատաշուկայի համապատասխան ոլորտներում իրենց տեղը գտած շրջանավարտները բարձր կպահեն ԵՊՀ-ի վարկանիշը։
Նշանակալի է նաև ավարտական թեզին ներկայացվող պահանջների յուրօրինակ ուղղվածությունը, այսինքն՝ ավարտական թեզը, հետազոտական բաղադրիչից բացի, պետք է պարտադիր ունենա կիրառական նշանակություն ու գործնական ուղղվածություն։ Այն պետք է արտացոլի պրակտիկայի ընթացքում ուսանողի ձեռք բերած գիտելիքներն ու փորձը և կարող է կիրառելի դառնալ ուսանողի հետագա աշխատանքի ընթացքում։
ՀՀ բուհական համակարգում համանման կրթական ծրագիր չի իրականացվում և այս առումով ԵՊՀ-ն առաջինն է: «Կիրառական լեզվաբանություն (անգլերեն)» ծրագրի նախապատրաստումն իրականացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բուհերի՝ տվյալ մասնագիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կկարողանան իրականացնել կիրառական հաղորդակցությանն առնչվող հետազոտություններ հայաստանյան և արտերկրի գործընկերների հետ, աշխատել ՀՀ և միջազգային կազմակերպություններում, կրթական հաստատություններում, առցանց և տպագիր խմբագրակազմերում, գիտական հիմնարկներում, ընկերություններում։
Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում այն հաստատությունների հետ, որտեղ կարող են աշխատել շրջանավարտները (դպրոցներ, բուհեր, ակադեմիական շրջանակներ, տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, լեզվի կենտրոններ, գովազդային գործակալություններ, պաշտոնական և ոչ պաշտոնական ԶԼՄ, դրանց ինտերնետ պորտալներ, հեռուստատեսության և ռադիոյի համապատասխան բաժիններ` պետական, մասնավոր, թվային, արբանյակային, կաբելային, միջազգային տեղեկատվական գործակալություններ` Արմենպրես, Արմինֆո, Նոյան տապան, Առկա, Այբ-ֆե, Մեդիամաքս, Արմեդիա և այլն)։