Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր օգտագործման դերակատարությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ տարվող երկրաբանական ուսումնասիրությունների բնագավառում Երևանի պետական համալսարանի կուտակած հարուստ փորձի փոխանցումն ու պոտենցիալի ներդրումը՝ Երևանի պետական համալսարանը միացել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության գործունեությանը և դարձել միության անդամ։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հիմնադրվել է 2006 թ. ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների նախաձեռնությամբ: Ներկայում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությանն անդամակցում են հայաստանյան՝ տասնյակից ավելի հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերություններ, այդ թվում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Լիդիան Արմենիա», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Ասկե գրուպ», «Թեղուտ» և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ընկերությունները, ինչպես նաև Լեռնամետալուրգիայի ինստիտուտն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Միության հետ համագործակցությունը մասնավորապես կարևոր է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ոլորտի արդյունաբերական ձեռնարկությունների հետ սերտ կապի պահպանման և գործընկեր կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության արդյունավետ կազմակերպման տեսանկյունից:
Նշենք, որ 2023 թ․ տարեվերջին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, կոմբինատի և միության ղեկավարության ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ, ի թիվս համագործակցության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ պայմանավորվածությունների, որոշում էր կայացվել խթանելու երկկողմ համագործակցությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ գործունեությունը։