Միջազգային ակադեմիական շարժունակության շրջանակում ս․թ․ մայիսի 23-31-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի երկու ուսանողներ պրակտիկա են անցել Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի (ՌՊՀՕՀ) ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում:
Պրակտիկան անցկացվել է Դայմիշչեի ուսումնական պրակտիկայի բազայում, որտեղ ուսանողները ծանոթացել են ջրաօդերևութաբանական չափիչ սարքավորումներին և մասնակցել դրանցով կատարվող դիտարկումներին: Ուսանողներն անմիջապես մասնակցել են ջրային մակերևույթից գոլորշիացման և գումարային գոլորշիացման դիտարկումների համար փորձարարական հրապարակի կազմակերպմանը և այդ հրապարակում դիտարկումներ կատարելուն, մասնակցել են գետի հունում հորդացումների առաջացման ֆիզիկական մոդելավորման և հողում խոնավության պաշարների չափման, ջրաբանական և օդերևութաբանական ամենօրյա դիտարկումների աշխատանքներին, ուսումնասիրել հողի կազմն ու կառուցվածքը՝ ըստ շերտագրության:
Ուսանողներն այցելել են ՌՊՀՕՀ-ի լաբորատորիաներ և մասնակցել այնտեղ կատարվող գիտափորձերին: Բացի դրանից՝ ուսանողներն այցելել են ՌՊՀՕՀ-ի թանգարան և այնտեղ գրառում կատարել համալսարանի հյուրերի գրքում:
ՌՊՀՕՀ-ի կայքէջում ևս հնարավոր է ծանոթանալ պրակտիկայի անցկացման վերաբերյալ նյութերին: