Արվեստաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Նույն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Արվեստի տեսություն և պատմություն՝ արվեստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հայ և համաշխարհային արվեստի պատմության և տեսության խորացված գիտելիքներ, հուշարձանների և արվեստի ստեղծագործությունների նկարագրության, վերլուծության հմտություններ, ծանոթացնել նրանց մասնագիտական հետազոտություններում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեթոդներին, զարգացնել ուսանողների մեջ արվեստի քննադատական մտածողությունը, ինչպես նաև հայ և համաշխարհային արվեստի պատմության թեմաներով զեկուցումների, գիտական հոդվածների, դասախոսությունների պատրաստման հմտությունները:
Առավելությունները
Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո ուսանողը ունակ կլինի ձևակերպելու հայ և համաշխարհային արվեստի տեսական հիմնախնդիրները և հայեցակարգերը, որոշելու ստեղծագործությունների ստեղծման ժամանակը, տեղը, գեղարվեստական դպրոցը և գեղարվեստական արժեքը՝ հիմնվելով պատկերագրական, ոճական և համեմատական վերլուծության վրա, արվեստի ստեղծագործությունների նյութական արժեքը՝ ելնելով արվեստի շուկայի ժամանակակից պահանջներից, բիզնեսի և մարքեթինգի սկզբունքներից: Ուսանողը կկարողանա ստացած գիտելիքների հիման վրա վիճարկել, կանխել և հերքել այլ ժողովուրդների կողմից հայ արվեստի ստեղծագործությունների յուրացումը, հայտնաբերել Ցեղասպանության հետևանքով այլ ժողովուրդների կողմից կողոպտված հայ արվեստի ստեղծագործությունները:
«Արվեստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի պրակտիկան նախատեսվում է անցկացնել մասնագիտական այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը և պատմության թանգարանը:
Այս հիմնարկներում ուսանողները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու իրենց ստացած գիտելիքները, ծանոթանալու ֆոնդերում տարվող գիտական աշխատանքներին, ցուցահանդեսների կազմակերպման կուրատորական աշխատանքներին:
Կարիերայի հնարավորությունները
Արվեստաբանության մագիստրոսի որակավորում ունեցող շրջանավարտները ուսումնառության ավարտից հետո հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու Երևանի պետական համալսարանում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի ազգային թանգարանում, Հայաստանի պատմության թանգարանում, Սարդարապատի ազգագրության թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, տարբեր մասնավոր պատկերասրահներում, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, մասնավոր համալսարաններում, քոլեջներում, դպրոցներում, տուրիստական գործակալություններում:
Արվեստաբանների և արվեստի պատմաբանների համար Հայաստանում հնարավոր աշխատավայրեր են ԿԳՄՍ նախարարությունը, պետական գիտահետազոտական և նոր առաջացող, մասնավոր գիտահետազոտական կենտրոնները, պետական և մասնավոր ուսումնական հաստատությունները, հանրակրթական դպրոցները, թանգարանները, գրադարանները, զբոսաշրջության և հրատարակչական ոլորտը, հեռուստատեսային, ինչպես նաև ռադիոալիքները, մամուլը ու արվեստի վաճառքով զբաղվող մասնավոր պատկերասրահները: Արվեստաբանական բաժնի շրջանավարտների համար աշխատանքային մեծ հեռանկարներ են բացվում նաև արվեստի վաճառքով զբաղվող աստիճանաբար և անհրաժեշտաբար ավելացող մասնավոր պատկերասրահներում, որոնք արվեստի երկերը վաճառում են նաև այլ երկրներից եկած գնորդներին:
Կոնտակտներ
(+374 60) 710 612
history@ysu.am