Միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտի մասնագետների համար էական նշանակություն ունի արտերկրի լավագույն փորձին, մեթոդներին և մոտեցումներին ծանոթանալու, հմտություններն ընդլայնելու առումով։ Երևանի պետական համալսարանը խիստ կարևորում է միջազգային փորձի կիրառումը բուհում և համագործակցում արտասահմանյան մի շարք համալսարանների հետ, ինչը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին տալիս է գիտելիքները խորացնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու առավելություն։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Journalist.am-ի «ԵՊՀ միջազգայնացում» հատուկ շարքը պատմում է այդ հնարավորությունների մասին՝ ներկայացնելով ԵՊՀ դասախոսների, որոնք համագործակցել են միջազգային տարբեր համալսարանների հետ և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառում են հայաստանյան կրթական համակարգում։
Տաթևիկ Կարապետյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս
Տաթևիկ Կարապետյանը Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համատեղ ծրագրի շրջանակում այցելել է Շվեդիայի Գոտենբուրգի համալսարան, մասնակցել սոցիալական աշխատանքի և հանրային առողջապահության ոլորտում բիոստատիստիկային վերաբերող ասպիրանտական ծրագրին։ Նա ուսումնասիրել է վիճակագրական մեթոդների կիրառելիության ուղիները հանրային առողջապահության ոլորտում․ «Գիտությունը փակ տարածքում չի կարող զարգանալ, հատկապես, եթե խոսում ենք հասարակագիտական ուղղությունների մասին. դրանք միշտ տարածություն են ուզում։ Ժամանակակից աշխարհում գիտության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են միջազգային շարունակական փոխգործակցություններ»։
Ստացած գիտելիքներն ու հմտությունները տարբեր մեխանիզմներով նա փորձում է կիրառել լսարանում։ Դրանք ոչ միայն ոճի կամ տեխնիկայի կիրառումն ու փոխանցումն են, այլև այն, թե ինչքանով են համապատասխանեցվում երկրի կրթական միջավայրին. «Սովորածը պետք է հարմարեցնել միջավայրին ու տարանջատել կիրառական ոլորտների տարբերությունները։ Արտերկրում յուրացրած հետաքրքիր նորարարությունների կիրառումը մասնագիտական գործունեության դաշտում արդյունավետ է և անհրաժեշտ։ Ամենակարևորը, որ տեսել ու փորձում եմ կիրառել՝ ուսանողին պրակտիկային հաղորդակից դարձնելն է»։
Ըստ Տաթևիկ Կարապետյանի՝ դասախոսների համար կարևոր և անհրաժեշտ են նմանօրինակ ծրագրերը։
Արսեն Հակոբյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Պատմության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանն ունեցել է օտարերկրացի ուսանողներ, որոնք իրենց ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը գրել են Հայաստանին վերաբերող թեմաներով, իսկ հետագայում մեկ կիսամյակ սովորել Հայաստանում։
Տարբեր համագործակցությունների արդյունքում նա դասավանդել է Շվեյցարիայում, Գերմանիայում, Բուլղարիայում ու Իտալիայում։ Իսկ ԵՊՀ-ում դասավանդում է նաև եվրոպացի ուսանողներին, որոնք փոխանակման ծրագրերով են եկել Հայաստան․ «Ցանկացած դասախոսի համար միջազգային համագործակցությունը պետք է դառնա ընթացիկ աշխատանքի մաս։ Այն փորձառությունը, որ ունենում ենք օտարերկրյա լսարաններում, հարցադրումները, տարբեր հարցերի շուրջ քննարկումներն օգնում են, որ հետազոտական հայացքդ փոխվի, խնդիրներին նայես այլ տեսանկյունից»։
Երանուհի Մանուկյան, ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Երանուհի Մանուկյանը կարծում է, որ այսօր ուսանողի հետ երկխոսության մեջ մտնելու համար պետք է դասախոսը ևս անընդհատ կրթվի․ «Եթե նախկինում գիտելիքի ստացման միակ աղբյուրը դասախոսն էր, հիմա այլևս այդպես չէ»։
Երանուհի Մանուկյանը միջազգային համագործակցություն է ունեցել Ինդիանա համալսարանի հետ։ Այնտեղի փորձը կիրառել է նաև ԵՊՀ-ում․ վերադառնալուց անմիջապես հետո բացել են Ակադեմիական գրագրության կենտրոնը. «Միջազգային փորձը անպայման պետք է ներմուծել մեր դասավանդման պրակտիկա։ Բացի դրանից՝ մենք ևս պետք է ակտիվացնենք մեր աշխատանքները միջազգային ասպարեզում։ Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, որ շատ հոդվածներ հրապարակեն միջազգային հարթակներում, տպագրեն անգլերենով, որովհետև ոլորտում լավագույն արդյունք արձանագրելու ուղիներից մեկն էլ այդ է»։
Մարիամ Հովսեփյան
Սյունե Կիրակոսյան
2-րդ կուրս
Մարի Թարյանի խումբ