ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ձևավորման հիմքերը դրվել են համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից՝ կարևորելով փիլիսոփայության և հոգեբանության՝ որպես կրթական ծրագրի պարտադիր բաղադրիչների առկայությունը։ Այդ նպատակով համալսարան են հրավիրվել անվանի գործիչներ, գիտնականներ ու մանկավարժներ։ Հետագայում այդ ամենի հիմքի վրա ձևավորվել են առանձին ֆակուլտետը և մասնագիտական կրթական ծրագրերը։
Երևանի պետական համալսարանում սկզբնապես գործել է փիլիսոփայության ամբիոն, որի հիման վրա 1964 թ. պատմության ֆակուլտետում բացվել է փիլիսոփայության բաժին։ 1982 թ․ այն առանձնացել է պատմության ֆակուլտետից, և ստեղծվել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Ֆակուլտետում մինչև 1990 թ. փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասնագիտացումների համար գործել է միասնական կարգ, իսկ 3-րդ կուրսից ուսանողներն առանձնացել են՝ ըստ մասնագիտացման: 1991 թ․ սոցիոլոգիան առանձնացել է փիլիսոփայությունից և դարձել ինքնուրույն բաժին, որից էլ 1995 թ. ստեղծվել է սոցիալական աշխատանքի բաժինը:
1992 թ․ ֆակուլտետում բացվել է հոգեբանության բաժին, և ֆակուլտետը վերանվանվել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998 թ․ ֆակուլտետում գործել է նաև քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ. ներառվել է նորաստեղծ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում։
2004 թ. սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բաժիններն առանձնացել են ֆակուլտետից և ձևավորել ինքնուրույն ֆակուլտետ, իսկ մայր ֆակուլտետը վերանվանվել է փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այժմ գործում են մասնագիտական ամբիոններ ու լաբորատորիաներ։ 2008 թ․ ֆակուլտետում ստեղծվել է Կիրառական հոգեբանության կենտրոնը, որն ունի գործակցային լայն շրջանակ և ծավալում է ակտիվ գործունեություն։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և թղթակից անդամ, դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ և դոցենտներ: Ֆակուլտետի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում։
Ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ ուսանողական առօրյան դառնում է առավել հետաքրքիր, և ուսանողներն է՛լ ավելի են զարգացնում մասնագիտական հմտությունները և հարստացնում գիտելիքները։ Ֆակուլտետում ավանդական են դարձել Փիլիսոփայի և Հոգեբանի օրերը, առաջինկուրսեցիների հետ բարձր կուրսերի ուսանողների հանդիպումները, դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունները Դավիթ Անհաղթի արձանի մոտ ու ֆակուլտետի դահլիճում և այլն: Ֆակուլտետում ամենասպասելի իրադարձություններից է Մանդարինի տոնը, որի ընթացքում բարձր կուրսերի ուսանողները հանդիսավորությամբ ընդունում են առաջինկուրսեցիներին։ Կազմակերպվում է հանդիսավոր միջոցառում, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են կիսամյակի սկզբում։ Մանդարինի տոնին մասնակցում են ինչպես ուսանողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միջոցառման վերջում առաջինկուրսեցիներին է հանձնվում հայտնի «Թեյնիկը»։ Մանդարինի տոնը կազմակերպվում է արդեն 21 տարի:
Ուսանողների փոխանակման ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։
Բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով) և ստանալու մանկավարժի որակավորում։
Ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական և մանկավարժական պրակտիկաներն անցկացնում են հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում, հոգեբանական ծառայության կենտրոններում, մանկական զարգացման կենտրոններում, ԶԼՄ-ում, քրեակատարողական հիմնարկներում, մայրաքաղաքի հիվանդանոցներում, ֆակուլտետի ամբիոններում ու լաբորատորիաներում, ԵՊՀ գրադարանում և Հայաստանի ազգային գրադարանում, մասնավոր ձեռնարկություններում։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը համագործակցում է արտերկրի մի շարք համալսարանների հետ, որոնց թվում են՝ Ավինյոնի (Ֆրանսիա), Վիլնյուսի, Լեհաստանի, Սանկտ Պետերբուրգի, Բելգրադի համալսարանները, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, Ուդմուրտիայի, Մոսկվայի, Վոլգոգրադի, Յարոսլավլի, Սամարայի պետական համալսարանները, Շվեդիայի Ուփսալի համալսարանը, ՌԴԳԱ փիլիսոփայության ինստիտուտի, Մոսկվայի բարձրագույն տնտեսական համալսարանը, Միացյալ Թագավորության Սասեքսի համալսարանի հետ: Ընդլայնված համագործակցության շրջանակում ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են սեմինար-քննարկումներ, դասախոսություններ՝ հրավիրյալ մասնագետների ներգրավմամբ, միջմշակութային և գիտական տարաբնույթ ուսումնասիրություններ։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտների համար կարիերայի հնարավորությունները բազմազան են։ Նրանք հնարավորություն ունեն աշխատելու որպես հոգեթերապևտ, հոգեշտկող, հասարակայնության հետ կապերի ենթակառուցվածքի հոգեբան, ուսումնական կենտրոնի հոգեբան, դասախոս, փորձագետ, հանրային քաղաքականություն հետազոտող և մշակող, լրագրող-հրապարակախոս, գիտաշխատող, հանրային կապերի մասնագետ (PR), մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր, գիտակրթական ծրագրերի համակարգող, սոցիալ-հոգեբանական ծրագրերի համակարգող, մարքեթինգի բաժնի հոգեբան, վերապատրաստման ծրագրերի պատասխանատու, սոցիալ-հոգեբանական թիմի ղեկավար, բարոյական հարցերով հոգեբան-խորհրդատու հետևյալ վայրերում՝
- բարձրագույն ուսումնական հաստատություններ,
- գիտահետազոտական կենտրոններ,
- վարժարաններ ու քոլեջներ,
- հիմնական և ավագ դպրոցներ,
- հատուկ ծրագրով ուսուցմամբ կրթական հաստատություններ,
- վերլուծական կենտրոններ,
- կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ,
- սոցիալական խնամքի և պաշտպանության կենտրոններ,
- մասնագիտական կողմնորոշման կենտրոններ,
- «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ և այլն։
Ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու նաև հոգեբանական աջակցության, հոգեկան առողջության պահպանման, մանկական զարգացման կենտրոններում, տարբեր պրոֆիլի հիվանդանոցներում և վերականգնողական հաստատություններում։