Ս.թ. մարտի 1-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Քովիդ-19-ի փորձառությունը Հայաստանում. արձագանքը և հոգեբանական հետևանքները» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը։
Մենագրությունն ամփոփում է եռամյա հետազոտության արդյունքները՝ կատարված 2020-2023 թթ. ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական դրամաշնորհի (20TTSH-070) շրջանակում։
Մենագրությունում անդրադարձ է կատարվել ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում հոգեբանական բարեկեցության հիմնախնդրին, ցույց է տրվել առողջության պահպանմանն ուղղված համոզմունքների և կանխարգելող ու օգնող վարքաձևերի պայմանավորող նշանակությունը վերջինիս համար։ Վերլուծական առանձին ուղղություն է կազմել մարդկանց՝ քովիդի դեմ (չ)պատվաստման վարքի հիմքում ընկած համոզմունքների, հույզերի և սոցիալ-ժողովրդագրական տարբեր գործոնների դերի ուսումնասիրությունը։ Որակական տվյալների հիման վրա անդրադարձ է կատարվել անհատների՝ ՔՈՎԻԴ-19-ի սուբյեկտիվ փորձառությանը՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները։
Շնորհանդեսին հեղինակները ներկայացրին իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները և ոչ միայն: Որպես հանրային սպառնալիք՝ համավարակի օրինակով անդրադարձ կատարվեց նաև մեր հասարակության՝ ճգնաժամերին և մարտահրավերներին արձագանքելու առանձնահատկություններին։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Է․ Ասրիյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռ․ Բարխուդարյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա․ Բաղդասարյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հ․ Ավանեսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ։
Ներկա էին նաև հյուրեր և ոլորտի փորձագետներ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանը, առողջապահական իրավունքի փորձագետ Վիոլետա Զոփունյանը, հանրային առողջապահության փորձագետ Անահիտ Պապիկյանը և ուրիշներ։