ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Աուդիովիզուալ ազդանշանների ազդեցությունը կոգնիտիվ գործընթացների վրա կոգնիտիվ ռեսուրսի ընդլայնման հեռանկարում» թեմայով:
Բարձրագույն հոգեկան գործընթացներին և արդի մարտահրավերներին վերաբերող թեման դեռևս ամիսներ առաջ առաջարկել էր կենտրոնի ղեկավար, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, իսկ աշխատանքները համակարգում և պլանավորում են կենտրոնի ավագ գիտաշխատողներ, հ․գ․դ, պրոֆեսոր Արսեն Լոքյանը և հ․գ․թ․, դոցենտ Միխայիլ Ալլախվերդովը։
Կոգնիտիվ ռեսուրսի ընդլայնման խնդիրն առավել արդիական է մեր օրերում, երբ օրեցօր ահագնացող տեղեկութահոգեբանական ազդեցությունները, ինչպես նաև մարդու համար արդեն մրցակից համարվող արհեստական բանականությունը պահանջում են կոգնիտիվ հնարավորությունների մեծ ռեսուրս։
Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել երաժշտության և լույսի (գույների) ազդեցությունը կոգնիտիվ գործընթացների վրա՝ հիմք ընդունելով հանրահայտ այն փաստը, որ դասական երաժշտությունը բարերար ազդեցություն ունի ոչ միայն հուզական գործընթացների, այլ նաև կոգնիտիվ գործընթացների վրա։ Թեմայի շրջանակում ուսումնասիրվելու է միջնադարյան հայկական (նաև եկեղեցական), Կոմիտասի և ժամանակակից հայկական դասական երաժշտությունը։
Հետազոտությունը կատարվելու է երեք փուլերով․ առաջին փուլի ժամանակ ուսումնասիրվելու է հետազոտվողների կոգնիտիվ ռեսուրսը՝ մեկնարկային վիճակը գնահատելու համար, այնուհետև պլանավորվում է ֆոնային և ոչ ֆոնային նպատակաուղղված երաժշտության ազդեցության փուլը՝ ապահովելով նաև անհրաժեշտ լուսագունային ուղեկցումը։ Զուգահեռաբար դիտարկվելու են ԷԷԳ ցուցանիշները և հետո կատարվելու է վերլուծություն։
Արդյունքում ստացված տվյալները կիրառվելու են կենսաբանական հետադարձ կապի և կոգնիտիվ գործընթացների բացահայտման գործընթացում։
Գիտական սեմինարին մասնակցեցին Ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, մագիստրոսները և ասպիրանտները։