Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն․ փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ
Հոկտեմբերի 10-11, 2024 թ․
Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստան
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվում է քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին ամենամյա առաջին գիտաժողովը։ 2024 թ․ գիտաժողովի խորագիրն է «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն․ փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ»։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եվրասիայում տեղի են ունեցել էական փոխակերպումներ, որոնց թվում՝ գերտերության փլուզում և նոր պետությունների ստեղծում, ազգակերտման փորձեր և ինտեգրացիոն նախաձեռնություններ, ինքնիշխանության կոնսոլիդացիա և ֆրագմենտացիա, տարածաշրջանային տերությունների վերելք, ֆինանսական ճգնաժամեր և «տնտեսական հրաշքներ», պատերազմներ, տարածաշրջանային կազմակերպությունների ստեղծում և զարգացում։ Գիտաժողովը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքելու եվրասիական հետազոտությունների մեջ մասնագիտացող գիտնականների։ Այն կծառայի որպես ակադեմիական քննարկումների հարթակ և գիտնականների համար հանդիպման վայր՝ իրենց ընթացիկ հետազոտությունները ներկայացնելու, ընդհանուր ակադեմիական հետաքրքրությունները վերհանելու և հնարավոր համատեղ հետազոտական նախագծերի գաղափարներ քննարկելու համար։
Գիտաժողովին մասնակցելու հայտադիմումներն ընդունվում են քաղաքագիտության բոլոր ոլորտներից։ Զեկուցումները կարող են վերաբերել (բայց չսահմանափակվել) հետևյալ թեմաներին․
Կովկասյան աշխարհաքաղաքականություն
Եվրասիական և եվրոպական ինտեգրման աշխարհաքաղաքականություն
Ռուսաստանի և հետխորհրդային տարածության աշխարհաքաղաքականություն
Հարավային Ասիայի աշխարհաքաղաքականություն
Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականություն
Արևելյան Ասիայի աշխարհաքաղաքականություն
Հայկական դիվանագիտություն
Քաղաքական տեսություններն ու գաղափարախոսությունները 21-րդ դարում
Կառավարում և նորարարություններ
Արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը և միջազգային հարաբերությունները
Փափուկ ուժը, հաղորդակցությունն ու մշակութային դիվանագիտությունը
Ամփոփագրերի կազմման ուղեցույց
Հայտադիմումներում պետք է նշված լինեն վերնագիր, զեկուցողի անունն ու ազգանունը, պաշտոնը, էլհասցեն, ինչպես նաև կցված լինի ամփոփագիր (մինչև 300 բառ)։ Հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել conference.int.rel@ysu.am էլհասցեին .doc, .docx կամ .pdf ֆորմատով։ Գիտաժողովի կոմիտեն կուսումնասիրի հայտադիմումներն ու իր որոշման մասին կտեղեկացնի էլհասցեի միջոցով։ Ընդունման նամակը ստանալուց հետո զեկուցողները պետք է իրենց հետազոտությունը (paper) ուղարկեն .doc, .docx կամ .pdf ֆորմատով։ Գիտաժողովից հետո մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ձեռագրերը (manuscript) ուղարկելու Երևանի պետական համալսարանի կողմից հրատարակվող «Journal of Political Science: Bulletin of Yerevan University» հանդեսին։
Բոլոր նիստերը տեղի են ունենալու դեմ առ դեմ։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Գիտաժողովը չի հոգում ճանապարհի և կեցության ծախսերը։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել conference.int.rel@ysu.am էլհասցեին։
Կարևոր ամսաթվեր
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ՝ մայիսի 31
Կոմիտեի որոշման մասին ծանուցում՝ հունիսի 25
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 1
Գիտաժողովի ծրագրի հրապարակում՝ սեպտեմբերի 15