Քաղաքագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
ՀՀ-ում գործող բուհերից միայն ԵՊՀ-ն ունի քաղաքագիտության բակալավրի պատրաստման՝ նման համապարփակ կրթական ծրագիր, ինչն էական առավելություն է տալիս մայր բուհին հայաստանյան կրթական համակարգում և աշխատաշուկայում:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնակարգի: «Քաղաքագիտություն» մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաներից կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքներով: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել քաղաքագիտության բակալավրի կոչում ունեցող մասնագետներ, որոնք կունենան հիմնարար և կիրառական գիտելիքներ քաղաքագիտության հայեցակարգերի, տեսությունների և մեթոդների վերաբերյալ, ապագա քաղաքագետին տալ գիտելիքներ՝ աշխատելու պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում և հարակից այլ ոլորտներում, ծրագրի շրջանավարտներին նախապատրաստել աշխատելու քաղաքական խորհրդատվության, կիրառական հետազոտությունների, քաղաքական վերլուծության և խորհրդատվության ոլորտում։ Քաղաքագետ լինելու և քաղաքականությունը պրոֆեսիոնալ կերպով հասկանալու նպատակով ուսանողները ձեռք կբերեն հմտություններ միջդիսցիպլինար հետազոտությունների և դրանց իրականացման ոլորտում, որոնք նախատեսված են ուսումնական պլանով։
Առավելությունները
Ծրագրի մրցակցային առավելություններից է այն, որ սույն ծրագիրը հնարավորություն է տալիս պատրաստելու քաղաքական գիտությունների մի քանի ոլորտների (քաղաքական ինստիտուտներ, գործընթացներ, քաղաքական գիտության պատմություն, քաղաքական տեսություն և այլն) մասնագիտացված կադրեր: Ըստ որում, պարտադիր մասնագիտական մոդուլներին զուգահեռ, կամընտրական առարկաների միջոցով ծրագրի շրջանակում ուսումնառության ընթացքում կտիրապետեն օտար լեզուների և ձեռք կբերեն հատուկ կարողություններ՝ մասնագիտական թարգմանություններ կատարելու համար: Ծրագրի առավելություններից են նաև միջառարկայական և ներառարկայական կապերը, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերելու ներածական գիտելիքներ միջազգայնագիտական, եվրոպագիտական, տնտեսագիտական, երկրագիտական և իրավագիտական ոլորտներում, ինչպես նաև մասնագիտական կարողություններ վերոհիշյալ ուղղություններով հետագա մագիստրոսական կրթությունը շարունակելու և բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով ստանալու համար:
Կարիերայի հնարավորությունները
«Քաղաքագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտը կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները` մասնագետ և առաջատար մասնագետ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կրտսեր գիտաշխատող գիտահետազոտական հաստատություններում և բուհերին կից հետազոտական կենտրոններում: Շրջանավարտները կարող են իրենց մասնագիտական կարիերան շարունակել տեղական և արտասահմանյան բուհերի մագիստրոսական ծրագրերով կամ աշխատանքի անցնել պետական կառավարման գործադիր և օրենսդիր իշխանության համապատասխան ինստիտուտների մասնագիտացված ստորաբաժանումներում, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում, ինչպես նաև ուղեղային կենտրոններում և հետազոտական կառույցներում: Քաղաքագիտության բակալավրը կարող է նաև ընդգրկվել հումանիտար մասնագիտություններով այլ ֆակուլտետներ երկրորդ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ստանալու համար: