Հանրային կառավարում
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
«Հանրային կառավարում» (շնորհվող որակավորումը` կառավարման բակալավր) գործարկվում է ԵՊՀ-ում 2007/2008 ուսումնական տարվանից: Առաջարկվող բակալավրի կրթական ծրագիրը մշակվել է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ: Ծրագրի նորարարական կողմերից մեկը ուսումնական պլանում քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, իրավունքի ոլորտի դասընթացների գերակայությունն է, ինչը ծրագրին հաղորդում է միջգիտակարգային բնույթ և առանցքային նշանակություն ունի ոլորտի ապագա մասնագետների պատրաստման համար:
Ընդունելության պահանջները
«Կառավարում» մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է «Հայոց լեզու և գրականություն» («Օտար լեզու»), «Հայոց պատմություն» առարկաներից կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել մասնագիտական կարողությունների և հմտությունների անհրաժեշտ հենքը՝ հանրային և քաղաքացիական ծառայության հիմնարար սկզբունքների, կառավարման համակարգի կառուցվածքի, գործառնական առանձնահատկությունների և ինստիտուցիոնալ ընթացակարգերի ոլորտներում, ապահովել վերլուծական ունակությունների ձևավորում` կառավարման տարբեր համակարգերի, վարչաքաղաքական կառույցների գործունեության առաջնահերթությունների մշակման և գործառույթների իրականացման բնագավառներում, պատրաստել որակյալ մասնագետներ հանրային և տեղական ինքնակառավարման ոլորտներում վարչակառավարչական գործառույթների իրականացման համար` ձևավորելով հանրային կազմակերպություններում ղեկավար (վարչական) պաշտոններ զբաղեցնելուն համապատասխան մասնագիտական կարողություններ, խթանել ծրագրի շրջանավարտների մասնագիտական զարգացումը և անհրաժեշտ մասնագիտական կողմնորոշման ձևավորումը` որպես հանրային և տեղական ինքնակառավարման բնագավառների գլխավոր դերակատարների:
Առավելությունները
Կրթական ծրագիրը մշակելիս օգտագործվել են «Հանրային կառավարում» մասնագիտության հիմքում ընկած մասնագիտական մոդուլների համաչափ և ներդաշնակ ներկայացվածությունը: Դրա հետ մեկտեղ, կրթական ծրագրի, մասնավորապես տեղական ինքնակառավարման բաղադրիչի պարագայում որպես ծրագրային կողմնորոշիչ են ծառայել բարձրագույն կրթության միջազգայնացման «ԵՄ TEMPUS PICASA» ծրագրի մասնակից եվրոպական բուհերի ծրագրային առաջնահերթությունները: Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանակում կառավարման բակալավրի որակավորում ստացած մասնագետները կարող են աշխատանքի անցնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային ծառայության համակարգում (քաղաքացիական, հատուկ և համայնքային ծառայության պաշտոններ), ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ), ՀՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում: