Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանում վերջին տասնամյակների հասարակական, քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքը նշանավորվեց հանրության շրջանում աշխարհայացքային, գաղափարական, հոգեբանական որոշակի տեղաշարժերով, արժեքային կողմնորոշումների ու պատկերացումների փոփոխություններով, մշակութային և կրոնական կյանքի աշխուժացմամբ, որը պայմանավորված էր նաև համաշխարհային քաղաքականության և գիտության մեջ տեղի ունեցող փոփոխություններով: Միաժամանակ վերջին ժամանակաշրջանի հայոց պատմությունը ուղեկցվել է ժամանակակից հասարակագիտական գիտաճյուղերում լայնորեն կիրառվող «սահմանային իրավիճակներով» (արցախյան շարժում, երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում, տնտեսական ճգնաժամ, արտագաղթ, արցախյան պատերազմներ, COVID և այլն): Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից մարտահրավերների համատեքստում հետազոտել և համակարգային վերլուծության ենթարկել վերջին տասնամյակներում հայերի կրոնական կյանքի առանձնահատկությունները, «սահմանային իրավիճակներում» կրոնական գործընթացները և բնակչության կրոնական վարքագծի փոփոխությունները: Հետազոտությունը կատարվելու է կրոնագիտական, ազգագրական, էթնոսոցիոլոգիական և հոգեբանական ուսումնասիրությունների մեթոդաբանությամբ: Ծրագրի իրականացման ընթացքում և վերջնարդյունքում հրատարակվելու են հոդվածներ, կոլեկտիվ մենագրություն, նախատեսվում են զեկուցումներ՝ սեմինարների և կոնֆերանսների շրջանակներում: