Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Արևելահայ գիտական քերականությունը ունի հարուստ պատմություն։ Ստեղծվել են տասնյակ հիմնարար ուսումնասիրություններ` Ստ. Պալասանյան, Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց (Թիֆլիս, 1870), Քերականութիւն մայրենի լեզուի հայոց (Թիֆլիս, 1874), Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզուների (Եր․, 1955-1971), Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն (Եր., 1965), Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց (Եր., 1955), Հ. Բարսեղյան, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն (Եր., 1953), Հայերենի խոսքի մասերի ուսմունքը (Եր., 1980), Մ. Ասատրյան, Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր (3 հատ., Եր., 1970-77), Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն (Եր., 1983), Ա. Մարգարյան, Հայերենի հոլովները (Եր., 2000), Հայոց լեզվի քերականություն․ ձևաբանություն (Եր., 2004) և այլն: Սրանք մի աննշան մասն են հայերենի քերականությանը, մասնավորապես ձևաբանությանը վերաբերող հսկայական ժառանգության: Ի տարբերություն տեսական աշխատությունների այս հարուստ բազմազանության՝ մեզանում չի գործել ձևաբանության գործնական, մասնավորապես բառարանային ամրագրման եղանակը: Մինչ օրս մենք չունենք հայերենի քերականական բառարան։ Աշխատանքային խումբը նախատեսում է կազմել և հրատարակել այդպիսի առանձնահատուկ մի աշխատանք` <<Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան>>: