Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայոց հնագույն մայրաքաղաք Երևանը ունի ավելի քան 2800-ամյա պատմություն, և ողջ այդ պատմությունը հստակ հետագծով առնչվում է հայ ժողովրդի կենսագործունեության հետ: Հատկապես հետաքրքրական զարգացումներով լի է քաղաքի միջնադարյան և նոր ժամանակների պատմությունը, երբ Երևանը, աստիճանաբար վերածվելով Հայաստանի միջնաշխարհի՝ Արարատյան երկրի կենտրոնի, սկսում է ձեռք բերել մեծ քաղաքին բնորոշ հատկանիշներ: Բագրատունիների թագավորության վերացումից հետո Երևանը ենթարկվում է օտար նվաճողների հարձակումներին: 15-րդ դարից սկսած Արարատյան երկրում հաստատվում են թուրքմենական քոչվոր ցեղեր, որի հիմքով էլ ադրբեջանցի հեղինակներն այժմ փորձում են ապացուցել, թե երկրամասը եղել է ադրբեջանաբնակ, իսկ Երևանը՝ ադրբեջանական քաղաք: Երևանի պատմության ադրբեջանական կեղծարարների թիրախում է քաղաքի պատմության հատկապես այն շրջանը, երբ այն նվաճվեց Սեֆյան Իրանի կողմից, իսկ հետագայում դարձավ համանուն խանության կենտրոն: Չնայած այն իրողությանը, որ 1604 թ. պարսկական զորքերը Երևանի հայության զգալի հատվածին տեղափոխեցին Իրանի խորքերը, այնուամենայնիվ պատմական սկզբնաղբյուրները և տարբեր օտարերկրացի ճանապարհորդների տեղեկությունները հստակորեն ցույց են տալիս, որ քաղաքը մշտապես հանդիսացել է հայկական ու հայաբնակ քաղաք: