Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ժամանակակից Հայաստանում տեղի են ունենում աննախադեպ փոխակերպումներ, կապված պատերազմի, համաճարակի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի իրողությունների հետ։ Նման իրավիճակներում առավել խոցելի է դառնում երիտասարդությունը, որը հանդես է գալիս յուրաքանչյուր հասարակության այն հիմնական սոցիալական ներուժը, որի մոբիլիզացման հնարավորությունից է կախված հասարակության ապագա կենսունակությունը: Նման ճգնաժամային իրավիճակներում հասարակության ապագա զարգացումները կախված են երիտասարդության նման իրավիճակներին արձագանքելու վարքային մոդելներից, այսինքն՝ նրանց սոցիալական հարմարվողականության մոդելներից։ Սոցիալական հարմարվողականությունը սահմանվում է լայն իմաստով, որպես սոցիալական սուբյեկտի ակտիվ արձագանքը փոփոխվող իրականության նկատմամբ, որի ընթացքում նա ձգտում է հասնել իր նպատակներին՝ իրականացնելով որոշակի վարքային մոդել։ Այն կարող է լինել կառուցողական, կամ արհավիրքային։ Սույն հետազոտության գիտական նպատակն է վերհանել ՀՀ երիտասարդության սոցիալական հարմարվողականության ռազմավարական մոդելները, գնահատել հարմարվողականության մակարդակի վրա ազդող հիմնական գործոնները և կանխատեսել հարմարվողականության մակարդակի փոփոխությունների հնարավոր հեռանկարները՝ կախված այդ գործոններից։ Նաև նախատեսվում է մշակել երիտասարդների սոցիալական հարմարվողականության մակարդակի չափման նոր մոդել՝ հաշվի առնելով ՀՀ-ում առկա սոցիալական իրավիճակը։